Կանեփը կարող է խաթարել հիշողության գրեթե բոլոր համակարգերը

Կանեփը կարող է  խաթարել հիշողության գրեթե բոլոր համակարգերը

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կանեփով սուր թունավորումը կարող է խաթարել մարդու հիշողության համակարգերի մեծ մասը։ Գիտնականները պարզել են, որ տետրահիդրոկանաբինոլ (ՏՀԿ) հոգեակտիվ բաղադրիչի ազդեցությունն անդրադառնում է ոչ միայն պարզ մտապահման, այլև առօրյա կյանքում կիրառվող մի շարք ճանաչողական գործընթացների վրա, օրինակ՝ ապագա անելիքները հիշելու, զրույցներին հետևելու կամ տեղեկատվության աղբյուրը որոշելու կարողության։

Հետազոտությունն անցկացրել են Վաշինգտոնի նահանգային համալսարանի մասնագետները։ Արդյունքները հրապարակվել են Journal of Psychopharmacology գիտական ամսագրում։

Փորձին մասնակցել է կանեփի 120 կանոնավոր օգտատեր, որոնք պատահականորեն բաժանվել են երեք խմբի. առաջին խումբը ստացել է պլացեբո, երկրորդը՝ 20 միլիգրամ ՏՀԿ, իսկ երրորդը՝ 40 միլիգրամ ՏՀԿ։ Նյութն օգտագործելուց հետո մասնակիցները մոտ մեկ ժամ կատարել են հիշողության տարբեր թեստեր։

Գիտնականները ստուգել են հիշողության մի քանի տեսակ, այդ թվում՝ վերբալ, տեսողական-տարածական, պերսպեկտիվ (ապագա գործողությունների), աղբյուրի, կեղծ, էպիզոդիկ և իրադարձությունների հաջորդականության հիշողությունը։ Արդյունքները ցույց են տվել, որ կանեփ օգտագործած մասնակիցները թեստերի մեծ մասում զգալիորեն ավելի վատ արդյունքներ են գրանցել։ Ընդհանուր առմամբ, խաթարումներ են նկատվել հետազոտողների գնահատած հիշողության 21 ցուցանիշներից 15-ում։

Հատկապես ուժեղ ազդեցություն է նկատվել կեղծ հիշողության և աղբյուրի հիշողության համակարգերում։ Կանեփի ազդեցության տակ գտնվող մասնակիցներն ավելի հաճախ են «հիշել» բառեր կամ իրադարձություններ, որոնք իրականում նրանց չեն ներկայացվել։ Թեստերից մեկի ժամանակ մասնակիցների համար ընթերցել են փոխկապակցված բառերի ցանկեր, սակայն հիմնական բառը չի նշվել։ Հետագայում շատ փորձարկվողներ համոզված են եղել, որ լսել են այդ բառը, թեև այն չի հնչել։

Հետաքրքիր է, որ հետազոտողները ՏՀԿ-ի չափավոր և բարձր դեղաչափերի միջև էական տարբերություն չեն հայտնաբերել։ Սա նշանակում է, որ կանեփի նույնիսկ համեմատաբար փոքր քանակությունը կարող է զգալիորեն խաթարել հիշողությունը։

Ըստ աշխատանքի հեղինակների, նախկին հետազոտությունների մեծ մասն ուսումնասիրել է հիշողության միայն մեկ-երկու ասպեկտ, օրինակ՝ բառերի մտապահումը։ Այս աշխատանքում առաջին անգամ միաժամանակ իրականացվել է հիշողության բազմաթիվ համակարգերի համալիր ստուգում, ինչը ցույց է տվել, որ կանոփով սուր թունավորումն ընդունակ է միաժամանակ խաթարել դրանց մեծ մասը։