
Կլասիկ ավտոմեքենաների տարիքային շեմը 40-ից իջեցվել է 30 տարեկանի։ Համապատասխան փոփոխությունը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Վրաստանի օրենքում ուժի մեջ է մտել այսօր՝ ապրիլի 2-ին։
Նշենք, որ ըստ օրենքի՝ կլասիկ ավտոմեքենա է համարվում այն տրանսպորտային միջոցը, որի տարիքը գերազանցում է 30-ը, համապատասխան չափանիշներով ունի պատմամշակութային արժեք և կարող է օգտագործվել որպես հավաքածուի ցուցանմուշ։
Ավտոներկրողների ասոցիացիան հայտարարել է, որ կլասիկ, ռետրո մեքենաների տարիքային շեմի նվազեցումը կարող է բացասական ազդեցություն ունենալ ավտոպարկի վրա։
Ըստ ասոցիացիայի նախագահի` քանի որ 6 տարեկանից հին մեքենաների մաքսազերծումը կտրուկ թանկացել է, բացառված չէ, որ սպառողների մի մասը սկսի նախապատվությունը տալ հենց կլասիկ մեքենաներին, որոնց մաքսազերծումը համեմատաբար էժան է։
Հատկանշական է, որ կլասիկ ավտոմեքենայի շարժիչի ծավալի յուրաքանչյուր 1 սմ-ի համար ակցիզային դրույքաչափը կազմում է 1.0 լարի։ Մինչդեռ, նոր կանոնակարգերի համաձայն, 6 տարեկանից բարձր (այժմ արդեն մինչև 30 տարեկան) մեքենաների ակցիզային հարկը բարձրացել է մինչև 4.5 լարի։

