Նինոծմինդայի ճանապարհներն էլ ավելի են քայքայվել

Նինոծմինդայի ճանապարհներն էլ ավելի են քայքայվել

 Նինոծմինդայի գրեթե բոլոր փողոցները գտնվում են նույն իրավիճակում, ինչը խանգարում է մեքենաների երթևեկությանը։ Փոսերով և վնասված ճանապարհներով երթևեկելը հաճախ հանգեցնում է ավտոմեքենաների անսարքությունների, իսկ դրանց վերանորոգումը կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ։

Նինոծմինդայի բնակիչներից մեկը NOR-ի լրագրողներին հայտնեց, որ քաղաքի ճանապարհների վիճակը անտանելի է և մատնված է անտերության։

«Գյուղերում ճանապարհներն ավելի լավ վիճակում են, քան Նինոծմինդայում։ Սա կենտրոնի վիճա՞կ է»,-ասում է անցորդը։

Նշենք, որ NOR-ը պաշտոնական նամակով դիմել էր Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտ։ Ստացված պատասխան նամակում նշվում է, որ քննարկվել է 2026 թվականի փետրվարի 26-ի գրությունը (գրանցման համար՝ No5014/2)՝ Ախալցիխե – Նինոծմինդա (ՀՀ սահման) ուղղությամբ ճանապարհի վերականգնման վերաբերյալ։

Դեպարտամենտից տեղեկացնում են, որ ընթացիկ տարում կհայտարարվի էլեկտրոնային տենդեր՝ միջազգային նշանակության Ախալցիխե – Նինոծմինդա (ՀՀ սահման) ավտոմոբիլային ճանապարհի կմ 90 (կմ 89+649) հատվածում՝ ձորի վրա գտնվող կամրջային անցման վերականգնման աշխատանքների համար։

Բացի այդ, այս փուլում իրականացվում է միջազգային նշանակության (Ս-11) Ախալցիխե – Նինոծմինդա (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոմոբիլային ճանապարհի կմ21+600 – կմ28+000 հատվածի վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի պատրաստում, որից հետո նախատեսվում է նաև վերականգնման աշխատանքների իրականացումը։