Կյանքից զրկելու սպառնալիքով գումար են հափշտակել

Կյանքից զրկելու սպառնալիքով գումար են հափշտակել

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանում խմբակային ավազակության և հանցագործության մասին չհայտնելու մեղադրանքով ձերբակալվել է նախկինում դատված երկու անձ՝ 1985 թվականին ծնված Գ.Ի.-ն և 1992 թվականին ծնված Գ.Զ.-ն:

«Հետաքննությամբ պարզվել է, որ սույն թվականի ապրիլի 25-ին, ուշ գիշերը, զինված մեղադրյալը հանցակիցների հետ միասին ավազակային հարձակում է գործել Մարտվիլիի մունիցիպալիտետի գյուղերից մեկի բնակչի վրա։ Հրազենի գործադրմամբ և կյանքից զրկելու սպառնալիքով նրանք հափշտակել են խոշոր չափի գումար և դիմել փախուստի։

Ոստիկանությունը, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, հանցագործությունից կարճ ժամանակ անց ձերբակալել է Գ.Ի.-ին: Խուզարկության միջոցով որպես իրեղեն ապացույց առգրավվել է հափշտակված գումարի մի մասը:

Հետաքննությամբ նաև պարզվել է, որ Գ.Զ.-ն տեղյակ է եղել Գ.Ի.-ի կատարած հանցագործության մասին, սակայն չի հայտնել ոստիկանությանը:
Իրավապահները շարունակում են համապատասխան քննչական գործողությունները հանցագործությունը կատարած ևս երկու անձանց ձերբակալելու նպատակով»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով (ավազակություն), որը նախատեսում է մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում: