
Ապրիլի 29-ին NOR-ի լրագրողները այցելեցին Նինոծմինդայի գրադարաններ՝ պարզելու, թե այսօր ինչ իրավիճակ է տիրում այնտեղ, կան արդյո՞ք ընթերցողներ, և որքանո՞վ են գրադարանները շարունակում մնալ ընթերցողների սիրելի վայրերից մեկը։
Նինոծմինդայի մանկական գրադարանում աշխատակիցները նշում են, որ այցելուների պակաս երբեք չեն ունեցել։ Ըստ նրանց՝ գրադարան են գալիս ոչ միայն քաղաքի բնակիչները, այլև՝ գյուղերից, անգամ Ռուսաստանից ժամանած մարդիկ, որոնք հետաքրքրվում են գրքերով և օգտվում գրադարանից։
«Մանկական գրադարանը միշտ գործել է և այսօր էլ շարունակում է իր աշխատանքը։ Մենք ունենք շատ ընթերցողներ, հատկապես ամռանը նրանց թիվը զգալիորեն ավելանում է։ Շատերը գալիս են ցանկերով, վերցնում են իրենց անհրաժեշտ գրքերը, որոշ ժամանակ անց վերադարձնում և նոր գրքեր ընտրում։ Մենք միշտ փորձում ենք նրանց տրամադրել այն գիրքը, որը ցանկանում են»,- նշում է աշխատակիցը։
Սակայն գրադարանի հիմնական խնդիրներից մեկը պայմաններն են։ Աշխատակիցների խոսքով՝ սենյակներում բավականին ցուրտ է։
Բացի այդ, այստեղ այսօր հիմնականում ստանում են միայն վրացական գրականություն։ Թեև գրադարանին հաճախ նաև նվիրաբերում են գրքեր, հայկական գրականության հարցը շարունակում է մնալ ամենացավոտ խնդիրը։
«Հայկական գրականությունը շատ է հնացել և, ցավոք, այսօր նոր գրքեր չունենք։ 1980-ականներից մինչև այսօր մենք հայկական գրականություն չենք ստացել։ Մեր ցավը հենց դա է՝ հայկական գրականությունը չի թարմացվում»,- ասում է աշխատակիցը։
Նինոծմինդայի Մշակույթի տան շենքում գործող գրադարանի տնօրեն Ցողիկ Իսպիրյանը ևս նշում է, որ այցելուներ կան, սակայն նախկին տարիների համեմատ նրանց թիվը նվազել է։
«Առաջվա նման շատ չեն, բայց ընթերցողներ կան, հատկապես ուսանողները հաճախ օգտվում են գրադարանից։ Գրքեր մենք միշտ ստանում ենք, և գրադարանը շարունակում է իր բնականոն աշխատանքը»,- նշեց տնօրեն Ցողիկ Իսպիրյանը։
Երկու գրադարաններում էլ ընդգծում են, որ հատկապես ուսանողները շարունակում են օգտվել գրադարանից, իսկ ամռանը նաև դպրոցականների հետաքրքրությունն է մեծանում։

