
Ապրիլի վերջին Նինոծմինդայի դաշտերում սովորաբար արդեն ավարտված է լինում գարնանային հացահատիկների վարուցանքը, սակայն այս տարի իրավիճակը տարբերվում է։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով գյուղատնտեսական աշխատանքները զգալիորեն ուշացել են։ Երկարաձգված ձմեռը և ուշ հալված ձյունը խոչընդոտել է ժամանակին դաշտեր մտնելուն, ինչի հետևանքով ապրիլի 30-ին աշխատանքները դեռ նոր են սկսվում։
Այսօր՝ ապրիլի 30-ին Նինոծմինդայի արտերում կարելի է տեսնել ակտիվ աշխատանքային եռուզեռ։ Տարբեր գյուղատնտեսական տեխնիկա ներգրավված է վարուցանքի գործընթացին, իսկ բնակիչները զբաղված են հացահատիկային մշակաբույսերի՝ գարու, ցորենի և ուլաֆի ցանքով։
NOR ռադիոկայանը տեղում արձանագրեց իրավիճակը՝ զրուցելով դաշտերում աշխատողներից մեկի՝ նկարիչ և ուսուցիչ Հմայակ Գրիգորյանի հետ։
Վերջինս նշեց, «Շրջանում վարուցանքը նոր է սկսվել, և ժողովուրդը պետք է իրականացնի ցանքսը, քանի որ դա ապրելու հիմնական միջոցներից է։ Չնայած գլոբալ թանկացումներին, որոնք մեզանից կախված չեն, այնուամենայնիվ անհրաժեշտ է շարունակել զբաղվել գյուղատնտեսությամբ»։
Չնայած առաջացած դժվարություններին՝ Նինոծմինդայի գյուղացիները շարունակում են աշխատանքները՝ հույս ունենալով, որ եղանակային պայմանները առաջիկայում կնպաստեն բերքի հաջող աճին։
Մանրամասները տեսանյութում․

