
Ջավախքում արդեն սկսվել են գարնանացան աշխատանքները, և հացահատիկների շուկայում նկատվում է գների զգալի տարբերություն՝ կախված բնակավայրից։
Մասնավորապես, Նինոծմինդայի շրջանում և հարակից գյուղերում գները տարբերվում են։ Գյուղերում գարու արժեքը կազմում է մոտ 70-80 թեթրի, մինչդեռ Նինոծմինդայում այն հասնում է մինչև 90 թեթրի։ Նման տարբերություն է նկատվում նաև վարսակի դեպքում՝ գյուղերում այն վաճառվում է մոտ 80 թեթրիով, իսկ Նինոծմինդայում՝ այն 1 լարի է։
Ցորենի գները ևս տատանվում են, դրանք հիմնականում սկսվում են 70 թեթրիից՝ կախված որակից և վաճառքի վայրից։ Սերմացու կարտոֆիլի արժեքը կազմում է մոտ 50 թեթրի։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական տեխնիկայի ծառայություններին, այստեղ նույնպես գները տատանվում են։ Տարբեր գյուղերում տեխնիկայի օգտագործման վճարը տատանվում է 1.50-ից մինչև 2 լարի։
Նշենք, որ Նինոծմինդայի արտերում կարելի է տեսնել ակտիվ աշխատանքային եռուզեռ։ Տարբեր գյուղատնտեսական տեխնիկա ներգրավված է վարուցանքի գործընթացին, իսկ բնակիչները զբաղված են հացահատիկային մշակաբույսերի՝ գարու, ցորենի և վարսակի ցանքով։

