Որ ընտանիքների սոցիալական օգնությունը կդադարեցվի

Որ ընտանիքների սոցիալական օգնությունը կդադարեցվի

«Վրացական երազանք»-ի կառավարության նոր որոշմամբ՝ սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայից կհանվի այն ընտանիքը, որի անդամի եկամուտը մեկ ամսվա ընթացքում կազմում է 1250 լարի։ Որոշումը «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ստորագրել է մայիսի 7-ին։

«Եթե տվյալների բազայում գրանցված ընտանիքի որպես աշխատավարձ ստացված հարկվող եկամուտը հաշվետու ամսվան նախորդող 3 ամսվա ընթացքում, Եկամուտների ծառայության տրամադրած տվյալներով, ընտանիքի մեկ անդամի հաշվարկով ամսական հավասար է կամ գերազանցում է 1250 լարին, ընտանիքի գրանցումը տվյալների բազայում կդադարեցվի առանց սոցիալ-տնտեսական վիճակի գնահատման», — նշված է «Երկրում աղքատության մակարդակի նվազեցման և բնակչության սոցիալական պաշտպանության կատարելագործման միջոցառումների մասին» որոշման մեջ։

Վրաստանում սոցիալապես անապահով ընտանիքների թիվը, որոնք գրանցված են տվյալների միասնական բազայում, այս պահին գերազանցում է 180 հազարը, իսկ այդ ընտանիքների անդամների թիվն անցնում է 700 հազարից։

«Վրացական երազանք»-ը սոցիալապես անապահովների բազայի վերստուգումն սկսել է այս տարի, իսկ գործընթացի մեկնարկից առաջ հայտարարել էր, որ երկրում սոցիալապես անապահով ընտանիքների տարիներ շարունակ աճող վիճակագրությունը պետք է նվազեցվի։