Մահացու վթար Թբիլիսիում

Մահացու վթար Թբիլիսիում

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է Թբիլիսիի կենտրոնում մահացու վթարի պատճառ դառնալու մեջ կասկածվող վարորդին։

Վթարը տեղի է ունեցել հունիսի 2-ի երեկոյան՝ Քուռ (Մտկվարի) գետի ձախ ափին։ Ականատեսների վկայությամբ՝ մեծ արագությամբ ընթացող Mercedes-ը բախվել է Volkswagen Jetta-ին։ Բախումից հետո Volkswagen-ը բախվել է արգելապատնեշի և ընկել գետը։

«Մեղադրյալները ստեղծել են արտակարգ իրավիճակ և բախվել մոտակա մեքենաներին, որից հետո մեքենաներից մեկի վարորդը կորցրել է կառավարումը և ընկել Մտկվարի գետը», – հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։

Հետաքննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը նախատեսում է պատասխանատվություն երթևեկության անվտանգության կանոնների խախտման համար։

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գետն ընկած մեքենայի վարորդը 36-ամյա Ռաժդեն Չինչալաձեն էր, որը ծնունդով Չիատուրա մունիցիպալիտետի Իտխվիսի գյուղից էր։ Նա Թբիլիսիում աշխատում էր որպես բանվոր՝ կնոջն ու երեխային պահելու համար։

Փրկարարները վթարից անմիջապես հետո սկսել են լայնածավալ որոնողական աշխատանքներ։ Գետի վրա աշխատում են նավակներ, ջրասուզակներ և արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներ: Որոնողական աշխատանքները հեշտացնելու համար մասնագետները իջեցրել են Մտկվարի գետի ջրի մակարդակը։

Չնայած գործողության երկրորդ օրն անցնելուն, մեքենան և դրա վարորդը դեռևս չեն հայտնաբերվել: Որոնողական աշխատանքները շարունակվում են։