Ժդանովական-ՀՀ սահման տանող ճանապարհը թափոններից մասամբ մաքրվել է

Ժդանովական-ՀՀ սահման տանող ճանապարհը թափոններից մասամբ մաքրվել է

Ժդանովականից դեպի անացակետ ճանապարհաեզրերին մեծ քանակությամբ կուտակված աղբի խնդրի առնչությամբ NOR-ը դիմել էր Ավտոճանապարհային դեպարտամենտ։ NOR-ի դիմումից մի քանի օր անց ճանապարհի որոշ կողային հատվածներում աղբը մասամբ մաքրվեց։

Մայիսի 19-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղի բնակիչները NOR-ին ահազանգել էին՝ հայտնելով, որ դեպի Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետ տանող ճանապարհի երկայնքով կուտակված են տարբեր տեսակի թափոններ։

Բնակիչների խոսքով՝ ճանապարհի եզրին կուտակված աղբը որոշ հատվածներում արդեն տարածվել էր նաև արոտավայրերում։ Խնդիրը հատկապես սրվում է մեծ բեռնատարների երկարատև կայանման հետևանքով, քանի որ որոշ վարորդներ թափոնները դուրս են նետում ճանապարհի հարակից տարածքներում։

Դեպարտամենտից ստացված պատասխան նամակում նշվում է, որ իրենց է մուտքագրվել NOR ռադիոկայանի 2026 թվականի մայիսի 19-ի գրությունը, որը վերաբերում էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղից դեպի Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետի ուղղությամբ գտնվող ավտոմոբիլային ճանապարհի հարակից տարածքի՝ տարբեր տեսակի թափոններով աղտոտմանը։

Վարչությունը հայտնում է, որ քննարկել է հաղորդագրությունը և նշել է՝ Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը համակարգված կերպով ապահովում է միջազգային և ներպետական նշանակության ճանապարհների երթևեկելի մասում և կողնակներում ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև իրականացնում է տարածքների մաքրում տարբեր տեսակի թափոններից։

Ըստ պատասխան գրության՝ նման աշխատանքներ իրականացվում են նաև միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա (Հայաստանի Հանրապետության սահման) ավտոմոբիլային ճանապարհի հատվածում։

Միևնույն ժամանակ, դեպարտամենտը նշել է, որ գործող օրենսդրության համաձայն՝ կենցաղային թափոնների կառավարումը, թափոններով աղտոտված տարածքների մաքրումը և համապատասխան միջոցառումների իրականացումը ամբողջությամբ չի մտնում միայն ճանապարհային դեպարտամենտի իրավասության մեջ։ Ճանապարհի և ճանապարհից դուրս գտնվող տարածքներում թափոնների վերահսկումը, նման տարածքների մաքրումը և խախտում կատարած անձանց հայտնաբերումը չեն հանդիսանում իրենց լիազորությունները։

Միաժամանակ ճանապարհների վարչությունը հայտնել է, որ շարունակելու է իր կառավարման ներքո գտնվող ճանապարհների պահպանման, սպասարկման և մաքրման աշխատանքները՝ իր իրավասությունների շրջանակում։