
Նինոծմինդայի մունիցիպալիտետում անասունների շրջանում տարածվում է նոր հիվանդություն։ Մասնավորապես՝ դեպքեր են արձանագրվել Գորելովկայի թեմի գյուղերում։
Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով NOR-ի լրագրողները դիմեցին անասնաբույժ Արթուր Մղդեսյանին։ Նրա խոսքով՝ այս պահին վիրուսի հստակ անվանումը դեռևս հայտնի չէ, քանի որ լաբորատոր հետազոտություն չի իրականացվել, և դժվար է հստակ որոշել հիվանդության տեսակը։
Անասնաբույժը նշում է, որ արդեն գրանցվել են անկման դեպքեր։ Իրեն դիմել են Եֆրեմովկա, Օրլովկա և Գորելովկա գյուղերի բնակիչներ։ Հիվանդությունը հիմնականում սկսվում է անասունների ոտքերի հատվածից, որից հետո կենդանիների վիճակը վատանում է և կարող է հանգեցնել անկման։
Արթուր Մղդեսյանը հորդորում է անասնատերերին պահպանել կանխարգելիչ միջոցառումները՝ կատարել ախտահանման աշխատանքներ և օգտագործել անհրաժեշտ դեղորայքը՝ մասնագետի խորհրդով։
Նա նաև ընդգծում է, որ նախորդ տարվա ընթացքում տարածված հիվանդությունը ամբողջությամբ չի վերացել և ներկայիս դեպքերը, ըստ նախնական դիտարկումների, մոտ են 2025 թվականին արձանագրված հիվանդության ախտանիշներին, սակայն, ըստ Արթուր Մղդեսյանի, այս տարվա վիրուսն ավելի խնդրահարույց է և ունի ավելի լուրջ ընթացք։
Անասնաբույժի խոսքով՝ առանց լաբորատոր հաստատման հնարավոր չէ հստակ ասել, թե որ վիրուսն է տարածվում, սակայն անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետներին՝ կենդանիների անկումները կանխելու համար։
Մանրամասները տեսնայութում՝

