
Առողջապահության նախարարության որոշմամբ, համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում, կոխլեար իմպլանտացիայի պետական ծրագիրն ընդլայնվում է։ Փոփոխության արդյունքում մինչև չորս տարեկան երեխաների համար հասանելի կդառնա երկկողմանի կոխլեար իմպլանտացիան։
Այս հարցի հետ կապված՝ Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Վրաստանի օտորինոլարինգոլոգների ասոցիացիայի ներկայացուցիչների և ոլորտի մասնագետների հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են ծրագրում նախատեսվող փոփոխություններն ու դրանց իրականացման հարցերը։
«Նշվել է, որ ծրագրի ընդլայնումը զգալիորեն կբարելավի լսողության ծանր խանգարումներ ունեցող երեխաների զարգացման, խոսքի և սոցիալական ինտեգրման հնարավորությունները, քանի որ վաղ տարիքում լսողության լիարժեք վերականգնումն առանձնահատուկ նշանակություն ունի»,- ասված է Առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության մեջ։
Գերատեսչությունում նաև նշում են, որ ծրագրի շրջանակներում կշարունակվի միակողմանի կոխլեար իմպլանտացիայի ֆինանսավորումը, որը նախկինի պես հասանելի կլինի բոլոր տարիքի պացիենտների համար՝ համապատասխան բժշկական ցուցումների հիման վրա։
«Պետական ծրագիրը ներառում է նաև կոխլեար իմպլանտացիայից հետո անհրաժեշտ վերականգնողական ծառայություններն ու թերապիան, ինչն ապահովում է պացիենտների լիարժեք վերականգնումն ու բուժման արդյունքների բարելավումը»,- հայտնում են Առողջապահության նախարարությունից։

