Գորելովկայի ճանապարհների ասֆալտապատումը և բնակչի բողոքը

Գորելովկայի ճանապարհների ասֆալտապատումը և բնակչի բողոքը

Հունիսի 30-ին, NOR ռադիոկայան է դիմել Գորելովկա գյուղի բնակիչ Այվազ Այվազյանը՝ բարձրաձայնելով իրենց փողոցում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների հետ կապված խնդիրը։

Այվազյանի խոսքով՝ փողոցի ճանապարհը խճապատվել է՝ հետագայում ասֆալտապատելու նպատակով, սակայն իրենց տան հարակից մոտ 50 մետրանոց հատվածը չի խճապատվել և դուրս է մնացել իրականացվող աշխատանքներից։

«Ցանկանում ենք, որ մինչև մեր տուն նույնպես ասֆալտապատվի։ Դա ճանապարհի մի մասն է, նույնիսկ արբանյակով է երևում, բայց անհասկանալի է, թե ինչու այդ հատվածում աշխատանքներ չեն կատարվում»,- նշեց բնակիչը։

Այվազյանը նաև ասաց, որ խնդրի վերաբերյալ դիմել է աշխատանքներն իրականացնող ընկերությանը, որտեղ իրեն հայտնել են, որ իրենք չեն կարող իրականացնել աշխատանքներ։

Բնակիչը նաև ասաց, որ եթե խնդիրը չլուծվի, պատրաստվում է փակել ճանապարհը և թույլ չտալ շարունակել ճանապարհաշինական աշխատանքները։

Խնդրի վերաբերյալ NOR ռադիոկայանը կապ հաստատեց նաև Գորելովկայի համայնքի ղեկավար Մնացական Բաբաջանյանի հետ։ Նա նշեց, որ այն հատվածում, որտեղ գտնվում է տունը, ասֆալտապատում իրականացնել հնարավոր չէ։ Նրա խոսքով՝ տվյալ ճանապարհահատվածի ասֆալտապատման ծավալն արդեն իսկ ավելացվել է։

Բաբաջանյանը նաև ընդգծեց, որ այն հատվածը, որը չի ասֆալտապատվելու, չի համապատասխանում տեխնիկական պահանջներին, քանի որ ճանապարհի լայնությունը 6 մետրից պակաս է, ինչը թույլ չի տալիս իրականացնել ասֆալտապատման աշխատանքներ։

Նշենք, որ Գորելովկա գյուղի գյուղամիջյան ճանապարհի երկու փողոց ասֆալտապատվում է։ Ինչպես նշեց Մնացական Բաբաջանյանը կասֆալտապատվի նաև գյուղի մյուս փողոցները։

Մանրամասները տեսանյութում․