Դիլիֆից Նարե Կիրակոսյանը միջազգային մրցույթում զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը

Դիլիֆից Նարե Կիրակոսյանը միջազգային մրցույթում զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Դիլիֆ գյուղից, 15-ամյա Նարե Կիրակոսյանը հունիսի 25-ին հրավերով մասնակցել է «Երիտասարդ տաղանդներ» միջազգային նկարչական ցուցահանդես-մրցույթին, որը տեղի է ունեցել Իտալիայի Պինետո քաղաքում։ Մրցույթի արդյունքում Նարեն զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը՝ ևս մեկ անգամ արժանանալով միջազգային բարձր գնահատականի։

Հատկանշական է, որ Նարեն անցած տարի նույնպես մասնակցել էր նույն մրցույթին Ֆրանսիայում և հաղթանակ տարել, ինչից հետո էլ ստացել էր հերթական մասնակցության հրավերը։ Նարե Կիրակոսյանը եղել է միակ մասնակիցը, ով, ապրելով Վրաստանում, ներկայացրել է Հայաստանը։

Նա ցուցահանդեսին ներկայացել է հինգ հիմնական կտավներով, որոնք ստեղծված էին հայկական ազգային մոտիվներով և արժանացել են մասնագետների ու այցելուների բարձր գնահատականին։ Նշենք, որ Նարեն արդեն յոթ տարի հաճախում է Արոյանի նկարչական խմբակ, որտեղ շարունակում է զարգացնել իր ստեղծագործական ունակություններն ու հասնել նոր հաջողությունների։

Բացի նկարչությունից, Նարեն ունի նաև այլ հետաքրքրություններ։ Նա զբաղվում է կարատեով և արդեն իսկ հաջողություններ է գրանցում այդ մարզաձևում։ Վերջերս անցկացված որակավորման քննությունների ընթացքում Նարեն հաջողությամբ հանձնել է կանաչ գոտու երկու շականակագույն գծիկների քննությունը։

Մանրամասները տեսանյութում․