
Հուլիսի 9-ին Ախալքալաքի Աշուղական դպրոցի դհոլի խումբը և Ախալքալաքից յոթ պարային խմբեր մեկնեցին Երևան՝ մասնակցելու Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում անցկացված միջազգային փառատոնին։ Մասնակիցների ընդհանուր թիվը կազմում էր շուրջ 300 մարդ։
Ինչպես նշեց Աշուղ Ալիք Ջավախքը (Ալիք Քսպոյանը), միակ դժվարությունը Հայաստան-Վրաստան սահմանային անցակետում առաջացած հերթերն էին։ Նրա խոսքով՝ փառատոնի կազմակերպչական աշխատանքները բարձր մակարդակի վրա էին, իսկ թատրոնի պայմաններն ու հյուրընկալությունը՝ գերազանց։
Փառատոնին մասնակցած բոլոր խմբերը հանդես եկան գեղեցիկ և արժանի ելույթներով՝ արժանանալով պատվոգրերի և հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
Ալիք Քսպոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ պատասխանատու և արժանապատիվ ներկայանալու համար, ինչպես նաև երեխաների ծնողներին, ովքեր ուղեկցում և աջակցում էին իրենց զավակներին ամբողջ ճանապարհի ընթացքում։
Հատկանշական է նաև, որ Աշուղ Ալիք Ջավախքը շնորհակալագիր է ստացել Ախալքալաքում անցկացված միջազգային փառատոնի շրջանակում՝ մշակութային կյանքի զարգացման և փառատոնի կազմակերպման գործում ունեցած ներդրման համար։
Հարկ է նշել որ Ախալքալաքի Մշակույթի տան տնօրեն, աշուղ Ալիք Ջավախքը տարիներ շարունակ իր անխոնջ աշխատանքով, նվիրվածությամբ և ստեղծագործ ոգով շարունակում է լինել քաղաքի մշակութային կյանքի շարժիչ ուժը։ Նրա նախաձեռնություններն ու մշտական գործունեությունը նպաստում են հայ և վրաց մշակույթի պահպանմանը, զարգացմանն ու նոր սերնդին փոխանցելուն։ Այս անգամ էլ աշուղը միջազգային փառատոնի նախաձեռնողներից էր:
Նշենք, որ Ախալքալաքում տեղի ունեցած միջազգային փառատոնին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի հայ համայնքի նախագահ Վլադիմիր Մանուչարյանը Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանին ուղարկել էր շնորհակալագիր փառատոնի աջակցության համար։
Մանրամասները տեսանյութում․

