
Ամռան ընթացքում արևից ստացված այրվածքների դեպքերը հատկապես հաճախակի են։ Իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթների չափից ավելի ազդեցությունը կապված է առողջության համար մի շարք ռիսկերի հետ։ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը արևից պաշտպանվելու և արևային այրվածքների կանխարգելման վերաբերյալ խորհուրդներ է ներկայացնում։
Արևայրուքը մաշկի պիգմենտային բջիջների վնասման հետևանք է՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության պատճառով։ Հաճախակի արևայրուքը մեծացնում է մաշկի վաղաժամ ծերացման, պիգմենտային բծերի և մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է նաև առաջացնել տեսողության լուրջ խանգարումներ, այդ թվում՝ կատարակտ, որը կուրության հիմնական պատճառներից մեկն է։
Արևի տակ կամ սոլյարիում չափից ավելի ճառագայթահարումը կարող է առաջացնել մաշկի այրվածք։ Դրան կարող են ուղեկցել մաշկի կարմրություն և ցավ, վնասված հատվածի այտուց, հեղուկով լցված բշտիկներ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ընդհանուր թուլություն և սրտխառնոց։
Կենտրոնի խորհուրդների համաձայն՝ արևային այրվածքի դեպքում չի կարելի դիպչել կամ պայթեցնել առաջացած բշտիկները, ինչպես նաև պետք է խուսափել արևի տակ կրկին դուրս գալուց։ Բժշկական օգնությունն անհրաժեշտ է, եթե այրվածք է ստացել մինչև մեկ տարեկան երեխան, բարձր ջերմություն է առաջացել, ի հայտ են եկել հեղուկով լցված բշտիկներ կամ ուժեղ ցավ։
Արևային այրվածքների նկատմամբ հատկապես զգայուն են բաց գույնի մաշկ, մազեր և աչքեր ունեցող մարդիկ, մինչև 6 տարեկան երեխաները և 60 տարեկանից բարձր անձինք։
Կանխարգելման նպատակով կենտրոնը բնակչությանը խորհուրդ է տալիս սահմանափակել արևի տակ գտնվելու ժամանակը, հատկապես արևի առավելագույն ակտիվության շրջանում՝ կեսօրից երկու ժամ առաջ և երկու ժամ հետո։ Խորհուրդ է տրվում կրել բաց գույնի, բնական գործվածքից պատրաստված ազատ հագուստ, լայնեզր գլխարկ և մուգ ակնոցներ, որոնք ապահովում են բարձր պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Կարևոր է նաև օգտագործել արևապաշտպան միջոցներ։ Խորհուրդ է տրվում արևի տակ դուրս գալուց 20 րոպե առաջ քսել SPF 30 կամ ավելի բարձր պաշտպանիչ գործոնով արևապաշտպան քսուք և այն թարմացնել յուրաքանչյուր երկու ժամը մեկ։

