Գորելովկայի թեմում բնակիչները հետ են վերցրել գումարը. գազաֆիկացումը կրկին անորոշության մեջ

Գորելովկայի թեմում բնակիչները հետ են վերցրել գումարը. գազաֆիկացումը կրկին անորոշության մեջ

Հունիս ամսին Նինոծմինդայի քաղաքապետարանում տեղի էր ունեցել քննարկում՝ Գորելովկայի թեմի գյուղերի գազաֆիկացման վերաբերյալ։ Քննարկմանը ներկա էին քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը, ավագանու նախագահ Վահան Արոյանը, Գորելովկայի թեմի ներկայացուցիչը, գյուղապետները և «SJGC» գազաբաշխիչ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը։

Այդ քննարկմանը կողմերը ներկայացրել են իրենց առաջարկները։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բնակիչները հնարավորինս արագ ֆինանսական միջոցներ հավաքագրեն, որպեսզի սկսվեն գազաֆիկացման աշխատանքները։

Հանդիպումից օրեր անց բնակիչները մեծ ոգևորությամբ սկսել էին մեկ տան հաշվով սահմանված գումարի հավաքումը, որը կազմում էր 2300 լարի։

Նախկինում Գորելովկայի գյուղական համայնքի գյուղապետ Մնացական Բաբաջանյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ծրագրի իրականացման դեպքում ծախսերի 30 տոկոսը պետք է ֆինանսավորեն բնակիչները, իսկ 70 տոկոսը՝ գազային ընկերությունը։ Այսինքն՝ 2300 լարին կազմում էր ընդհանուր գումարի 30 տոկոսը։

Բնակիչները ամեն գնով գումարը հավաքել էին վարկով, ոսկու գրավով, կաթի եկամուտով։ Սակայն գումարը հավաքելուց մեկ ամիս անց, ինչպես նշում են բնակիչները հիասթափությամբ հետ են վերցրել գումարը, քանի որ տեղեկացել էին՝ գազաֆիկացում չի լինի։ Ոմանք նշում են, որ կրկին հուսախաբ են եղել։ Ավելի ուշ բնակիչները տեղեկացել են, որ պետությունը պետք է ամբողջությամբ իր վրա վերցնի գազաֆիկացման ֆինանսական ծախսերը։

Այս առումով տեղեկություն ստանալու համար NOR ռադիոկայանի լրագրողները զրույց ունեցան Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ։

Քաղաքապետի խոսքով՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի հինգ գյուղերի՝ Գորելովկայի, Օրլովկայի, Եֆրեմովկայի, Ժդանովականի և Սամեբայի գազաֆիկացման համար նախատեսված է պետական ծրագիր։ Ծրագրի վրա, համապատասխան հանձնաժողովի հետ համատեղ, աշխատելու է վարչապետը՝ Իրակլի Կոբախիձեն։ Սակայն այս պահին նախագիծը դեռ վերջնականապես համաձայնեցված չէ։ Սպասում են հանձնաժողովի հանդիպմանը և դրանից բխող որոշմանը։

Քաղաքապետը հավելեց , որ քննարկման ընթացքում անդրադարձ էր եղել նաև այն հարցին, թե անհրաժեշտության դեպքում արդյոք բնակիչները պատրաստ են իրենց կողմից ֆինանսական ներդրում կատարել գազաֆիկացման ծրագրի իրականացման համար։ Այդ նպատակով էլ հավաքագրվել էր նշված գումարը։

«Մենք շահագրգռված ենք և շատ ենք ցանկանում, որ ծրագիրն իրականացվի պետական ֆինանսավորմամբ, որպեսզի բնակիչները ներդրում չկատարեն։ Սակայն այս պահին դեռ հստակ պատասխան չունեմ։ Երբ ինձ զանգահարում են, ասում են, որ սպասում ենք վարչապետի հանձնաժողովի որոշմանը։ Ճիշտ է, Ռադիոնովկայում (Փարվանա) արդեն տեղադրել են խողովակները, սակայն դրանք շահագործման հանձնել չեն կարող, քանի դեռ համապատասխան թույլտվություն չեն ստացել։ Պետք է համաձայնեցվի, որ «SJGC» գազաբաշխիչ ընկերությունը կարողանա միացնել գազը։ Կան որոշակի ընթացակարգեր, որոնք պետք է համաձայնեցվեն պետության հետ, և դա մունիցիպալիտետից կախված չէ, Այդպիսի դեպք էր տեղի ունեցել Ասպինձայի գյուղերից մեկում , խողովակաշարը տեղադրվել էր, սակայն գազի միացումը տեղի էր ունեցել երկու տարի անց »,– ասաց Անիվարդ Մոսոյանը։

Նշենք նաև, որ գազաֆիկացման մասին խոսակցությունների շրջանում որոշ բնակիչներ մտածել էին, որ այս տարի ձմռանը տները տաքացնելու համար աթար պատրաստելու անհրաժեշտություն չի լինի։ Սակայն հետագայում, ապահովության համար, նրանք մտափոխվել են և, այնուամենայնիվ, սկսել են աթար պատրաստել։

Գորելովկայի համայնքի գյուղերը մյուս գյուղերի համեմատ բարձրադիր են։ Այստեղ ձմեռը երկարատև, ձյունառատ և ցուրտ է, ուստի բնակիչների համար վառելիքի նախապատրաստումը հատկապես կարևոր է։

Կարդացեք նախկին նյութը ևս ՝

Ինչ ֆինանսական միջոցներով կգազաֆիկացվեն Նինոծմինդայի 5 գյուղերը