Նինոծմինդայի որոշ գյուղերի դպրոցներ շարունակում են փակ մնալ

Նինոծմինդայի որոշ գյուղերի դպրոցներ շարունակում են փակ մնալ

Սեպտեմբերի 15-ին ընդառաջ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում դպրոցների շենքերը շարունակում են փակ մնալ։ Ժդանովականի, Կաթնատուի, Ղուլալիսի, Փոքր Խանչալիի, Փարվանայի և Գորելովկայի դպրոցների շենքերը փակ են վթարային վիճակի պատճառով։

Խնդրի վերաբերյալ NOR ռադիոկայանը դիմեց Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին՝ պարզելու, թե արդյոք նախատեսվում է դպրոցների վերանորոգում և ինչ լուծում է սպասվում տվյալ խնդրի վերաբերյալ։

Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով՝ մունիցիպալիտետը իրավասություն չունի դպրոցների հիմնանորոգում և վերանորոգում իրականացնելու։ Մունիցիպալիտետը կարող է կատարել միայն փոքր հարդարման և թեթև վերանորոգման աշխատանքներ։ Նրա խոսքով՝ դպրոցները փակվել են մասնագետների կողմից իրականացված համապատասխան փորձաքննության արդյունքում, քանի որ շենքերը գնահատվել են որպես վթարային։

Մոսոյանը նաև ընդգծեց, որ հատկապես Ժդանովականի և Փարվանայի դպրոցների հարցը բազմիցս բարձրաձայնել և ներկայացրել է համապատասխան կառույցներին։

«Ես բազմիցս բարձրաձայնել և համապատասխան կառույցներին ներկայացրել եմ հատկապես Ժդանովականի և Փարվանայի դպրոցների խնդիրը։ Այս գյուղերը Նինոծմինդայից ավելի հեռու են գտնվում և առավել խիստ ու բարդ կլիմայական պայմաններում գտնվող գյուղեր են, ինչն ավելի է հրատապ է դարձնում տվյալ դպրոցների հարցի լուծումը։ Այս հարցի վերաբերյալ ես զրուցել եմ Վրաստանի կրթության և գիտության նախարարի հետ։ Ես ունեմ եղեկություն որ եթե մունիցիպալիտետում նոր դպրոցների կառուցման ծրագիր իրականացվի, ապա առաջնահերթությունը կտրվի Ժդանովականի և Փարվանայի գյուղերի դպրոցներին»,- ասաց քաղքապետը։

Նշենք, որ այն գյուղերում որտեղ փակ են դպրոցի շենքերը աշակերտների ուսուցումը կազմակերպվում է տարբեր պայմաններում։ Որոշ գյուղերի երեխաներ հաճախում են հարևան բնակավայրերի դպրոցներ, իսկ որոշ դեպքերում դասերը կազմակերպվում են վարձակալված բնակելի տներում։

Օրինակ Ժդանովականի աշակերտները նախկինում հաճախել են հարևան Սամեբա գյուղի դպրոց, իսկ այնուհետև նրանց համար ուսուցումը կազմակերպվել է հենց Ժդանովականում վարձակալված տներում։

Օրաջալր գյուղի աշակերտները հաճախում են Նինոծմինդայի թիվ 2 հանրային դպրոց, իսկ Փոքր Խանչալիի աշակերտները՝ Նինոծմինդայի թիվ 1 հանրային դպրոց որոնց ճանապարհածախսը հոգում է քաղաքապետարանը։