«Ինֆեկցիայի բուն» և գարշահոտություն․ 54 շենքի բնակիչները ահազանգում են

«Ինֆեկցիայի բուն» և գարշահոտություն․ 54 շենքի բնակիչները ահազանգում են

Նինոծմինդա քաղաքի Ազատության 54 բազմաբնակարան շենքի բնակիչները դիմում են NOR ռադիոկայանին՝ բարձրաձայնելով իրենց շենքի հարակից տարածքում ստեղծված կոյուղու խնդիրի վերաբերյալ։

Բնակիչների փոխանցմամբ՝ արդեն շուրջ երեք ամիս է՝ 56 շենքի կոյուղու համակարգը խցանված է, ինչի հետևանքով կոյուղաջրերը լցվում են հարևան 54 շենքի բակ և հարակից տարածք։ Ստեղծված իրավիճակը ոչ միայն անհարմարություններ է պատճառում բնակիչներին, այլ նաև ստեղծում սանիտարահիգիենիկ վիճակ։

Նրանց խոսքով՝ կոյուղաջրերի տարածման և գարշահոտության պատճառով հատկապես գարնան և ամռան ամիսներին հնարավոր չէ բացել պատուհաններն ու դռները։ Շենքի բնակիչները չեն կարողանում այնտեղ լվացք փռել, իսկ երեխաները՝ խաղալ։

Բնակիչներից մեկը նշեց որ՝ խնդրի վերաբերյալ համապատասխան մարմիններին արդեն երկու անգամ դիմել են։ Մասնագետները եկել են, որոշակի աշխատանքներ իրականացրել, սակայն խնդիրը մինչ օրս վերջնականապես չի լուծվել։

«Մենք՝ Ազատության 54 շենքի բնակիչներս, արդեն երեք ամիս է՝ դիմում ենք, որպեսզի գան և վերանորոգեն կոյուղու համակարգը։ Շենքի բակում տարածվում է գարշելի հոտ, հատկապես գարնան և ամռան ամիսներին չենք կարողանում բացել պատուհաններն ու դռները։ Կոյուղաջրերը լցվում են մեր շենքի բակ, և մենք մտահոգված ենք նաև հնարավոր վարակների ու հիվանդությունների տարածմամբ։ Խողովակը խցանվել է, և մենք արդեն երկու անգամ դիմել ենք համապատասխան մարմիններին։ Եկել են, աշխատանքներ իրականացրել, սակայն խնդիրը չի լուծվել։ Ամբողջ շենքով խնդրում ենք, որպեսզի պատասխանատու կառույցները կրկին արձագանքեն և վերջնական լուծում տան այս խնդրին Կարծում եմ որ կոյուղու խողովակները շատ հին են՝ խորհրդային տարիներից մնացած, և, հավանաբար, հենց դրա պատճառով էլ առաջացել է խնդիրը»,- ասաց բնակիչը։

Մեկ այլ բնակիչ ևս հավելեց, որ տհաճ հոտն առավել տարածվում է հատկապես քամոտ օրերին։

Խնդրի վերաբերյալ NOR-ը կապ հաստատեց Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերության Նինոծմինդայի գրասենյակի հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ իրենք չեն կարող NOR-ին տեղեկություն տրամադրալ և կոչ արեցին դիմել Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերության։

NOR-ը պաշտոնական նամակով դիմել է Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերությանը թե ինչ քայլեր կձեռնարկվեն խնդրի վերաբերյալ և հետագա նյութերում կանդրադառնա բնակիչներին հոզող հարցին։

Մանրամասները աուդիոնյութում․

Radio NOR · Գարշահոտություն և ինֆեկցիայի բուն․ Բնակիչները ահազանգում են

Տեսանյութ․