
Հայազգի եղբայրներ Ալեքս և Նարեկ Բազինյանները ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում հրդեհի ժամանակ օգնության են հասել տարեցների խնամքի կենտրոնում գտնվող մարդկանց և օգնել փրկել 6 տարեցի։ Այս մասին հայտնում է ABC7-ը։
Ալեքսն ու Նարեկն ապրում են հրդեհված շենքից ընդամենը մի քանի տուն այն կողմ էին: Երբ կենտրոնում հրդեհ է բռնկվել, եղբայրները լսել են բուժքրոջ ձայնը, որը դուրս էր եկել շենքից և օգնություն էր խնդրում։
Տեսնելով, որ շենքը կրակի ու խիտ ծխի մեջ է, եղբայրներն անմիջապես շտապել են օգնության։

«Մենք տեսանք, որ բուժքույրը դուրս էր գալիս տնից և օգնություն էր խնդրում։ Դրանից հետո պարզապես վազեցինք ներս»,- պատմել է Ալեքսը։
Ալեքսն ու Նարեկը մտել են այրվող շենք, որտեղ այդ պահին տարեց մարդիկ էին գտնվում։ Չնայած ուժեղ ծխին և կրակին՝ նրանք սկսել են օգնել տարեցներին հնարավորինս արագ դուրս գալ շենքից և հասնել անվտանգ վայր։
Նարեկի խոսքով՝ ներսում շատ ուժեղ ծուխ էր, տարածքում նաև կրակ էր։ Այդ պայմաններում նրանք փորձել են հնարավորինս արագ գտնել ներսում մնացած մարդկանց և դուրս բերել նրանց։

Եղբայրների օգնությամբ հրդեհված շենքից հաջողվել է փրկել 6 տարեց մարդու։

Դեպքից հետո ընդհանուր առմամբ 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժզննման և անհրաժեշտ օգնության համար։ ABC7-ի տվյալներով՝ նրանց վիճակը կյանքին վտանգ չի ներկայացնում, և սպասվում է, որ բոլորը կապաքինվեն։

Ալեքս և Նարեկ Բազինյանների արարքը մեծ արձագանք է ստացել։ Նրանց հերոսներ են անվանում, քանի որ եղբայրները, չնայած կրակին ու խիտ ծխին, չեն սպասել փրկարարների ժամանմանը և մտել են շենք՝ այնտեղ գտնվող տարեցներին օգնության հասնելու համար։

