Կդադարեցնենք հարվածները, եթե Ռուսաստանն էլ նույնն անի․ Զելենսկի

Կդադարեցնենք հարվածները, եթե Ռուսաստանն էլ նույնն անի․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի կարևորագույն ենթակառուցվածքներին, եթե գործընկեր երկրները կարողանան ապահովել, որ Ռուսաստանն իր հերթին դադարեցնի Ուկրաինայի նմանատիպ օբյեկտներին հասցվող հարվածները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Եթե գործընկերները պատրաստ են ապահովել Ռուսաստանի իրական պատրաստակամությունը՝ չհարվածելու մեր էլեկտրաէներգետիկ համակարգին, էներգետիկ այլ օբյեկտներին, կարևոր ենթակառուցվածքներին և պարենային փոխադրումներին, ապա մենք, իհարկե, պատրաստ ենք ապահովել նաև մեր կողմից համապատասխան հարվածների բացակայությունը», — գրել է Զելենսկին Telegram-ում։

Նրա խոսքով՝ պայմանավորվածությունը պետք է լինի հուսալի, երկարաժամկետ և իրական ազդեցություն ունենա մարդկանց կյանքի վրա։

Միաժամանակ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան վստահ չէ՝ Ռուսաստանը պատրաստ է պահպանել հնարավոր պայմանավորվածությունները։

«Պարենը, էներգետիկան և կենսական կարիքների ապահովման մյուս տարրերը պետք է պաշտպանված լինեն», — նշել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ պատերազմի ավարտի համար կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ հարվածների դադարեցումը կարող է դառնալ խաղաղության ուղղությամբ առաջին քայլը։

«Գործընկերներից կոնկրետ քայլեր ենք ակնկալում», — եզրափակել է Զելենսկին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձաբար համաձայնել են զերծ մնալ էներգետիկ ոլորտի օբյեկտներին հարվածներ հասցնելուց։ Թրամփը նաև համաշխարհային շուկայում դիզելային վառելիքի գների աճը հիմնականում կապել էր ռուս-ուկրաինական պատերազմի հետ։