
Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն որոշ ժամանակ է՝ մեկնարկել է խոտհունձի աշխատանքները։ Գյուղական համայնքներում խոտհունձը համարվում է տարվա ամենածանր և ծախսատար աշխատանքներից մեկը։
Սովորաբար խոտհունձը նախ սկսվում է ցածրադիր տարածքներից, քանի որ այնտեղ խոտը եղանակային պայմանների պատճառով ավելի շուտ է հասունանում։ Բարձրադիր վայրերում խոտհունձն ավելի ուշ է սկսվում, երբ եղանակային պայմանները բարենպաստ են դառնում։ Բնակիչների խոսքով՝ այս տարի խոտը հիմնականում առատ է սակայն խոտհունձի հետ կապված ծախսերը շարունակում են բարձր մնալ։
Բնակիչների խոսքով՝ տուկի բարձր գնի հիմնական պատճառներից մեկը վառելիքի և գյուղատնտեսական տեխնիկայի թանկացումն է։ Խոտհունձի համար անհրաժեշտ է տեխնիկա, իսկ դրա աշխատանքը կապված է վառելիքի, սպասարկման և տեխնիկայի վարձակալության ծախսերի հետ։
«Բենզինը թանկացել է։ Արդեն երկու-երեք ամիս է՝ գինը բարձրացել է։ Նախկինում 2,70 լարի էր, հիմա հասել է 3,70-3,90 լարիի։ Վառելիքի թանկացման հետ մեկտեղ տրակտորիստներն էլ բարձրացրել են իրենց աշխատանքի գները։ Անկախ նրանից՝ խոտը շատ է, թե քիչ, միևնույն է, տեխնիկա է պետք, իսկ դա մեծ ծախսերի հետ է կապված։ Եթե մեկ հեկտարից 100 տուկ ստացվի, արդեն շատ լավ է։ Այս տարի որոշ վայրերում խոտը բավականին լավ է, ինչի պատճառով մարդիկ այն վաճառում են։ Գնորդներ կան Վրաստանի տարբեր շրջաններից»,– նշում է Սաթխայի բնակիչը։
Մեկ այլ բնակչի խոսոքով էլ՝ խոտի բերքատվությունը բոլոր տարածքներում նույնը չէ։ Որոշ վայրերում խոտը բավական առատ է եղել, իսկ մյուս հատվածներում՝ ավելի քիչ։
Գյուղացիները նաև նշում են, որ գյուղում ապրելն ու տնտեսություն վարելը հեշտ չէ, այստեղ անհրաժեշտ է պատրաստ լինել տարբեր դժվարությունների և մեծ ֆիզիկական աշխատանք կատարելու։
«Առաջներում կոլխոզ կար, աշխատողներ կային, և աշխատանքները նրանք էին կատարում։ Հիմա ամեն ինչ գյուղացին ինքն է անում՝ պետք է ցանի, վարի, հնձի և բերքը տուն հասցնի»,– ասում են բնակիչները։
Օրոջալարի բնակիչներից մեկը նշում է, որ այս տարի գյուղում խոտը բավական առատ է եղել, սակայն եղանակային պայմանները խոտհնձի աշխատանքները դժվարացրել են։ Բնակիչները դժվարությամբ են կարողացել թե՛ հնձել, թե՛ խոտը գյուղ հասցնել և տուն բերել։
Բնակչի խոսքով՝ այսօր խոտի մեկ տուկի գինը տատանվում է 5-7 լարիի սահմաններում, սակայն նույնիսկ այս գինը գյուղացու համար մատչելի չէ, քանի որ խոտի հնձման, հավաքման և տեղափոխման համար լրացուցիչ մեծ ծախսեր են պահանջվում։
«Անասուն պահողների համար, իհարկե, դժվար է։ Թեկուզ էժան լինի, թեկուզ թանկ, 5 լարին էլ գյուղացու համար էժան չէ։ Խոտը հնձելու, հավաքելու ու տուն բերելու համար մեծ ծախսեր են պետք։ Տուկի թանկացումն էլ հիմնականում կապված է տեղափոխման՝ տրանսպորտի ծախսերի հետ»,- նշում է Օրոջալարի բնակիչը։
Մանրամասները աուդիոձայնագրությունում՝

