Անասունների հիվանդության և անկման դեպքեր Նինոծմինդայի շրջանում

Անասունների հիվանդության և անկման դեպքեր Նինոծմինդայի շրջանում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարբեր գյուղերից վերջին շրջանում բնակիչները ահազանգում են կովերի և խոզերի հիվանդության ու անկման դեպքերի մասին։ Ըստ բնակիչների տեղեկությունների՝ որոշ գյուղերում հիվանդությունից անգամ խոզեր են սատկել։

Խնդրի վերաբերյալ  NOR ռադիոկայանը զրուցեց անասնաբույժ Արթուր Մղդեսյանի հետ։

Մղդեսյանի խոսքով՝ կովերի և խոզերի հիվանդության դեպքերն արդեն մի քանի շաբաթ է, ինչ արձանագրվում են։ Կովերի անկման երկու դեպք է գրանցվել։

Արթուր Մղդեսյանի տեղեկացմամբ՝ կովերի շրջանում տարածված հիվանդությունը պիրոպլազմոզն է։ Այն արյան մակաբուծային հիվանդություն է, որը հիմնականում փոխանցվում է տզերի խայթոցի միջոցով։ Մակաբույծը ներթափանցում է արյան կարմիր բջիջներ և քայքայում դրանք։

Հիվանդության հիմնական կլինիկական նշաններից են կաթնատվության նվազումը կամ կաթի բացակայությունը, թուլությունը, դժվարությամբ քայլելը և բարձր ջերմությունը, որը կարող է հասնել 41 աստիճանի։

Անասնաբույժը հորդորում է անասունների մոտ նման ախտանշանների առկայության դեպքում անպայման չափել մարմնի ջերմությունը և դիմել մասնագետի՝ համապատասխան բուժում իրականացնելու համար։

Մղդեսյանը անդրադարձավ նաև խոզերի շրջանում նկատվող հիվանդության դեպքերին։ Նրա խոսքով՝ այս պահին լաբորատոր հետազոտություն չի իրականացվել, ուստի հիվանդության հստակ անվանումը դեռ հայտնի չէ։

Անասնաբույժի խոսքով՝ խոզերի անկման դեպքերը հիմնականում գրանցվում են 2-3 ամսական կենդանիների շրջանում և կարող են կապված լինել ոչ պատշաճ սնուցման հետ։

Մղդեսյանը նաև հորդորեց պահպանել հիգիենայի կանոնները և պարբերաբար ախտահանել անասնագոմերը։

Մանրամասները տեսանյութում․