
Վրաստանն ունի ներուժ ամրապնդելու իր դիրքերը Եվրոպան և Ասիան կապող էներգետիկ տարածքում, հայտարարել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Թբիլիսիում էներգետիկ կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի բացման արարողության ժամանակ։
Էներգետիկ կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումը (WFER IX) անցկացվում է Թբիլիսիում սեպտեմբերի 21-ից 24-ը։ Ֆորումի հիմնական թեմաներն էին համաշխարհային էներգետիկ ոլորտում առկա մարտահրավերները, ներդրումները, վերականգնվող էներգիայի աղբյուրների (ՎԷԱ) դերը և Վրաստանի էներգետիկ ներուժը։
«Վրաստանն ունի ներուժ զարգացնելու սեփական ռեսուրսները և ամրապնդելու երկրի դերը Եվրոպան և Ասիան կապող էներգետիկ տարածքում», – ասել է Կավելաշվիլին։
Նրա խոսքով՝ Եվրոպական էներգետիկ համայնքին միանալով և իր էներգետիկ շուկան կարգավորելով՝ Վրաստանը ստեղծել է թափանցիկ, մրցունակ և կանխատեսելի կարգավորող շրջանակ, որը ապահովում է սպառողների պաշտպանությունը և ներդրողների վստահությունը։ Նախագահը կարևորել է Սև ծովի ստորջրյա մալուխի նախագիծը, որը նոր հնարավորություններ կստեղծի Վրաստանի համար՝ միանալու Եվրոպային և նպաստելու Հարավային Կովկասի զարգացմանը՝ որպես կանաչ էներգիայի տարածաշրջանային կենտրոն։ Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը Թբիլիսիում էր հավաքել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մինչև հազար բարձրաստիճան հյուրերի։ Վրացական կողմից կազմակերպիչը Ազգային էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման հանձնաժողովն էր (NEWC):

