
NOR ռադիոկայանի լրագրողներն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ականատես եղան Ախալքալաք–Կարծախ ճանապարհահատվածի անմխիթար վիճակին։ Ճանապարհի առանձին հատվածներում մեքենաները երթևեկում են շատ դանդաղ։ Անձրևից հետո փոսերում ջուր է կուտակվել, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում վարորդների համար և բարդացնում ավտոմեքենաների երթևեկությունը։ Նույն անմխիթար վիճակում է նաև Նինոծմինդա–Օրլովկա ճանապարհահատվածը։
Երկար ժամանակ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհները շարունակաբար քանդվում են՝ դժվարացնելով տրանսպորտային միջոցների երթևեկությունը և լրացուցիչ խնդիրներ ստեղծելով ճանապարհային երթևեկության մասնակիցների համար։ Ճանապարհների վատ վիճակի հետևանքով բազմաթիվ մեքենաներ շարունակում են վնասվել։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հուլիսի 22-ին Վաչիանի բնակիչները, դժգոհելով Ախալքալաք–Կարծախ ճանապարհի անմխիթար վիճակից, փակել էին ճանապարհը՝ պահանջելով պատասխաններ դրա վերանորոգման ժամկետների և նախատեսվող աշխատանքների վերաբերյալ։
Մինչ այժմ ճանապարհների խնդիրը շարունակում է մնալ խնդրահարույց, իսկ վարորդներն ու բնակիչները սպասում են հստակ պատասխանների՝ ե՞րբ և ի՞նչ ծավալով են նախատեսվում ճանապարհների վերանորոգման աշխատանքները։
Նշենք, որ տեղեկություն ստանալու համար պաշտոնական նամակով դիմել էինք Վրաստանի ավտոճանապարհային վարչություն վերոնշյալ ճանապարհների վիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, թե ինչ աշխատանքներ են նախատեսվում տվյալ ճանապարհի բարեկարգման ուղղությամբ։ Վարչությանը ուղղված NOR-ի հարցերը հետևյալն էին․
NOR ռադիոկայանը Վրաստանի ճանապարհային վարչությունից որևէ պատասխան չի ստացել տվյալ խնդրի վերաբերյալ։
Սեպտեմբերի 3-ին կրկին գրավոր դիմել էինք վարչությանը՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում մեր հարցման պատասխանը։ Վարչությունից մեզ հայտնել էին, որ հարցումը փոխանցվել է համապատասխան ծառայությանը, և պատասխանը շուտով կուղարկվի։
«Բարև Ձեզ, մենք հիշեցրել ենք համապատասխան ծառայությանը և շուտով Ձեզ կուղարկվի պատասխանը»,– պատասխանել էին վարչությունից։
Սակայն այդ պատասխանից հետո մինչ օրս որևէ պաշտոնական պատասխան կամ պարզաբանում մեզ չի ուղարկվել։

