Դեկտեմբերի 4-ին կայացավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստը: Նիստի օրակարգում դրված էր երկու հարց` սակրեբուլոյի հանձնաժողովների անդամների հաստատումը և 2017թ. տեղական բյուջեի մասնակի փոփոխությունը:
Բյուջեի փոփոխությամբ նախատեսված է 8000 լարի ամանորյա տոնածառի տեղադրման և զարդարման աշխատանքների համար: Բացի օրակարգային հարցերից, սակրեբուլոյի պատգամավորները բարձրացրին նաև բնակչությանը հուզող մի շարք հարցեր: Պատգամավոր Սամվել Իրիցյանն էլ առաջարկեց ամանորյա տոնածառեր տեղադրել ոչ միայն Նինոծմինդա քաղաքում, այլ նաև գյուղերում, որպեսզի այնտեղ ևս տիրի տոնական մթնոլորտ: Սակայն այս տարվա բյուջեն
թույլ չի տալիս գյուղերում ևս տոնածառեր տեղադրել:
Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը պատգամավորներից պահանջեց, որ նրանք բարձրաձայնեն իրենց գյուղական համայնքների խնդիրները, որպեսզի հետագայում դրանց լուծումներ տրվեն:
Մկրտիչ Նանայանը, Արայիկ Բդոյանը և Անդրանիկ Կարապետյանը բարձրաձայնեցին Փոքր Արագյալ, Կաթնատու և Ջիգրաշեն գյուղերում անցկացրած գիշերային լուսավորության խնդրահարույց վիճակի մասին: Նրանց խոսքով` բոլոր աշխատանքներն ավարտված են, սակայն անհայտ պատճառներով լամպերը չեն վառվում: Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն էլ նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են և շուտով այդ խնդիրները լուծում կստանան:
Վրեժ Մուրադյանն էլ իր հերթին նշեց, որ Գոնդուրայի գյուղական համայնքում ևս առկա են խնդիրներ` կապված գիշերային լուսավորության հետ: Նրա խոսքով`
բավականին երկար ժամանակ լամպերը շարքից դուրս են եկած և գյուղացիները սպասում են, թե երբ են վերանորոգելու դրանք:
Վահան Արոյանն էլ նշեց, որ Հեշտիայի մարզադահլիճում չկա էլեկտրաէներգիա, որի պատճառով երիտասարդները չեն կարողանում զբաղվել սպորտով:
Վաղինակ Արզումանյանն էլ բարձրաձայնեց Նինոծմինդա քաղաքի ջրի խնդրի մասին, նշելով. «Ամեն տարի գումար ենք ծախսում, բայց ոչ մի հարց չի լուծվում: Ջրամղիչ պոմպերը գնված են, բայց չեն տեղադրվել դեռևս: Այժմ բնակիչները ջուրը ստանում են գրաֆիկով, ինչը կարող է հանգեցնել ջրատարների սառեցմանը»: Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանն էլ ի պատասխան նշեց, որ այժմ խնդիրը ինչ-որ չափով կարգավորված է: «Մինչ իմ իրավասությունների ուժի մեջ մտնելը, ջրային տնտեսության հետ կապված պայմանագրեր ու նախագծեր կազմված չէին: Ջրային տնտեսությունը ոչ ոքի չի պատկանում, այդ պատճառով էլ խնդիրը ջրամղիչ պոմպերի տեղադրման հարցը օդից կախված է: Ես ակտիվորեն զբաղվում եմ այս խնդրի լուծմամբ»:
Մանրամասները լսեք նյութում.