Մայթերի բացակայությունը վտանգում է բնակիչների կյանքը

Մայթերի բացակայությունը վտանգում է  բնակիչների կյանքը

Չնայած տրանսպորտի ինտենսիվ անցուդարձին, մարդիկ ստիպված են լինում քայլել փողոցների բանուկ և երթևեկելի հատվածով՝ վտանգելով իրենց կյանքը: Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի բնակիչները ցանկանում են, որ բարեկարգեն իրենց թաղամասի փողոցների մայթերը:

Դավիթ Շինարարի փողոցի վերջնամասում բացակայում են հետիոտնի համար նախատեսված անցումներն ու մայթերը:

Թաղամասի բնակիչները (այդ թվում նաև երեխաները) ստիպված են լինում իրենց գործերով քայլել փողոցի երթևեկելի հատվածով, ինչը կարող է հանգեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների:

Թաղամասի Գինոսյան փողոցի բնակչի խոսքերով, ամեն օր իրենք անցնում են ճանապարհի կենտրոնական հատվածով: Ճանապարհին մայթեր չկան, անձրեւից հետո ցեխ ու լճակներ են գոյանում: Նա նշեց, որ անընդատ բեռնատար մեքենաներ են անցնում և անցորդները ստիպված են լինում դուրս գալ ճանապարհից, որպեսզի բեռնատարին չբախվեն:

Այլընտրանքային ճանապարհ անցուդարձ կատարելու համար բնակիչները չունեն, ուստի նրանք շրջանի ղեկավարությունից խնդրում են ուշադրություն դարձնել եւ լուծել այս խնդիրը:

Մենք խնդրի առնչությամբ դիմեցինք մունիցիպալիտետի ղեկավարությանը: Քաղաքապետի տեղակալ Արտավազդ Տոնոյանը նշեց, որ իսկապես անհրաժեշտ է մայթեր կառուցել այդ թաղամասի փողոցներում: Նրա խոսքով` այդ հատվածը կներառվի նախագծում, որպեսզի իրականացվի մայթերի շինարարություն: