Կատաղության դեմ պատվաստանյութերից կողմնակի ազդեցության դեպքեր չկան մունիցիպալիտետում

Կատաղության դեմ պատվաստանյութերից  կողմնակի ազդեցության դեպքեր չկան  մունիցիպալիտետում

Պետական աուդիտի ծառայության հրապարակած հաշվետվության մեջ նշվում է, որ Վրաստանում 2016-2017թթ. գործարկվել է 29,200 չափաբաժին պատվաստանյութ, որոնք առողջության համար վտանգ են ներկայացրել:

Հաշվետվության մեջ նաև նշվում է, որ այս ժամանակահատվածում ձեռք է բերվել կատաղության դեմ նոր պրեպարատ, որը Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում չի անցել: Հետևաբար այդ պրեպարատը, ըստ վրացական լրատվամիջոցների, վրաստանյան շուկայում տարածված լինելու թույլտվություն չի ունեցել:

Նոր ռադիոն ցանկացավ ճշտել` արդյոք Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցվել են կողմնակի ազդեցության դեպքեր կատաղության դեմ պատվաստանյութերից:
Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնը ամեն ամիս գրաֆիկ է կազմում, ըստ որի որոշակի չափաբաժնով կատաղության դեմ պատվաստանյութ է ստանում:

Կենտրոնը կատաղության դեմ իմունոգլոբուլին ստանում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց բժիշկ-համաճարակաբան, կատաղության հարցերով պատասխանատու Գայանե Սիմոնյանը, ստացված պատվաստանյութը պահվում է հատուկ սառնարաններում անհրաժեշտ ջերմաստիճանի ներքո:
2017թ. ընթացքում Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցվել է կծելու 85 դեպք, որոնցից 2-ը եղել են խոզի, 4-ը կատվի, 1-ը կզաքիսի, իսկ մնացած 76-ը շան կողմից:

Հիվանդանոց դիմած բոլոր տուժածները ստացել են համապատասխան բուժօգնություն: Այս տարի շան կծած դեպքերով հիվանդանոց են դիմել 2 անձ: Կատաղության դեմ պատվաստումը իրականացվում է անվճար:

Հանրային առողջապահության կենտրոնը համագործակցում է անասնաբուժական ծառայության և հիվանդանոցի հետ: Պատվաստանյութը դուրս է գրվում համապատասխան չափաբաժնով:

“Մենք ստանում ենք միանգամայն որակյալ պատվաստանյութ, և ոչ մեր մունիցիպալիտետում և ոչ էլ ամբողջ Վրաստանի տարածքում կատաղությամբ հիվանդանալու կամ մահվան դեպքեր չեն եղել”,- նշեց Գայանե Սիմոնյանը:

Իսկ բժիշկ-վիրաբույժ Արմեն Դուրգարյանի խոսքով, ում գլխավորությամբ իրականացվում են պատվաստումները, պատվաստումից հետո չի առաջացել որևէ կողմնակի ազդեցություն կամ բարդացում:

Մանրամասները լսեք նյութում.


Անահիտ Զալալյան