Տամբովկա գյուղի ճանապարհը մեկ ամսից ավելի է փակ է

Տամբովկա գյուղի ճանապարհը մեկ ամսից ավելի  է փակ է

Նոր ռադիոյի Одноклассники սոցիալական էջին նամակ էր ստացվել Տամբովկա (Ախալի Խուլգումո) գյուղի բնակչուհուց: Նամակում նա գրել էր, որ արդեն մի ամիս է գյուղի ճանապարհը փակ է:

Ամեն տարի ձմռան գալուն պես Տամբովկա գյուղը հայտնվում է մեկուսացման մեջ: Բնակիչները նախկինում ձմռան եղանակին երթևեկում էին Փարվանա լճի հաստ սառցե շերտի վրայով կամ ոտքով քայլում էին երեք կմ մինչև հասնեին Փարվանա գյուղ:

Այժմ լճի վրա գոյացած սառցե շերտը բարակ է, և բնակիչները այլևս չեն օգտվում “այլընտրանքային” այդ ճանապարհից:

Բնակիչների խոսքով` նրանք դիմել են քաղաքապետի իրենց գյուղի ներկայացուցչին, որպեսզի ճանապարհը բացվի: Նրանց խոստացել են, որ ճանապարհը կբացվի, բայց արդեն մեկ ամսից ավել է ոչ մի արդյունք չկա:

Բնակիչները նշեցին, որ դիմել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարան: Քաղաքապետարանի հանրային կապերի բաժնում նրանց պատասխանել են, որ հարցի պատասխանը երկուշաբթի պատրաստ կլինի:

Գյուղի քաղաքապետի ներկայացուցիչ Մասիս Աղայանը պատմեց, որ կլիմայական խիստ պայմանների պատճառով գյուղի ճանապարհը բացվում է բացառապես գյուղի բնակիչների կարիքներից ելնելով:

“Այժմ ճանապարհը անցանելի է միայն խոշոր մեքենաների համար: Մենք միշտ կապի մեջ ենք համագյուղացիների հետ և ըստ նրանց կարիքների ճանապարհը բացում ենք: Ճանապարհը գրեթե միշտ փակվում է, քանի որ այդ հատվածում մշտապես քամոտ եղանակ է լինում”,- նշեց Մասիս Աղայանը:

Նոր ռադիոն այս խնդրին կանդրադառնա իր հետագա նյութերում ևս:


Լուսանկարը մեզ տրամադրել է նամակի հեղինակ Տամբովկայի բնակչուհին