Երևան քաղաքի «Աստղիկ» ԲԿ-ում բացառիկ վիրահատություն է կատարվել. մակերիկամի էնդոսկոպիկ հեռացում հետորովայնամզային հատվածից:
Բժշկությունը զարգանում է օր օրի եւ ուրախալի է այն փաստը, որ բժշկական ձեռքբերումները հաջողությամբ ներդրվում եւ իրականացվում են Հայաստանում՝ հայ բժիշկների կողմից, հայտնում է «Աստղիկ» բժշկական կենտրոնը։
Այսպիսի ձեռքբերումներից է մակերիկամի հեռացումը էնդոսկոպիկ եղանակով՝ հետորովայնամզային հատվածից. բացառիկ վիրահատություն, որ «Աստղիկ» բկ-ում իրականացրեց էնդոկրին վիրաբույժ, բգթ, դոցենտ Արմեն Վարժապետյանը, ով ծնունդով Նինոծմինդայից է:
Անշուշտ, նման բարդ վիրահատություն իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն բարձրմասնագիտական թիմ, այլեւ համապատասխան տեխնիկական հագեցվածություն. բազմպրոֆիլ բժշկական կենտրոնն այս առումով ունի առավելություն:
Բոլորովին վերջերս մակերիկամի հեռացում այդ եղանակով իրականացվեց երիտասարդ մի կնոջ, ում մոտ հորմոնալ ակտիվ ուռուցք էր ախտորոշվել:
Դատավճիռ թվացող ախտորոշում, բարդ վիրահատություն, որին հաջորդեց անհավանական թեթեւ հետվիրահատական շրջան եւ առողջացում:
Ռուզաննան զարմացած էր, որ վիրահատությունից ընդամենը 3 օր անց ինքն իրեն այնքան լավ է զգում, որ ի վիճակի է վերադառնալ տուն: Շարունակելու է մնալ էնդոկրինոլոգի հսկողության ներքո, որոշ դեղորայք է օգտագործելու, սակայն հոգ չէ, չէ որ բարդ հիվանդությունն արդեն անցյալում է, իսկ առջեւում կյանք է՝ առողջ ու լիարժեք…
Նյութը վերցված է www.med.news.am կայքից