Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա, Մեծ և Փոքր Գոնդուրաներ, Դիլիֆ, Ղուլալիս տանող ճանապարհների անմխիթար վիճակի պատճառով ոչ միայն խոչընդոտվում է բնականոն երթևեկությունը, այլ նաև շարքից դուրս են գալիս մեքենաները:
Նշված գյուղերի բնակիչները նշում են, որ չեն էլ հիշում, թե երբ են իրենց ճանապարհները նորմալ վիճակում գտնվել: Նրանց խոսքով` տաքսու արժեքը կրկնակի անգամ թանկ է իրենց գյուղեր երթևեկելիս: Գյուղացիներն ու նրանց բարեկամներն էլ գյուղից քաղաք կամ քաղաքից գյուղ գնալիս ճանապարհների փոսերի պատճառով
փչացնում են սեփական մեքենաները:
Գոնդուրա գյուղի բնակիչը նշում է, որ ամենուրեք փոսեր են ու ցեխ, նույնիսկ տեղ-տեղ ճահիճներ են գոյացել:
Բացի այդ գյուղն ունի նաև ոռոգման համակարգի բացակայության խնդիր: Վատ եղանակային պայմանների պատճառով գյուղացիները լավ բերք չեն ստանում:
Նշենք, որ նախագծով նախատեսված է 2019թ. ասֆալտապատել Մամզարա գյուղ տանող ճանապարհը, որի համար հատկացված է 500 հազար լարի գումար:
Բորիս Ղարսլյան