Կարծախցիները փակել են գյուղի ճանապարհը

Կարծախցիները փակել են գյուղի ճանապարհը

Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում գյուղացիները փակել են ճանապարհը, պահանջելով որ ազատ արձակեն համագյուղացիներին, որոնց ձերբակալել են Խոզապին լճից խեցգետին որսալու համար։ Այս մասին գրում է Jnews.ge լրատվականը:

Հարություն Կոբալյանին և Արման Միքայելյանին այսօր տարել են ոստիկանություն։

Սա գյուղում լճից ձուկ և խեցգետին որսալու համար ձերբակալման և տուգանման առաջին դեպքը չէ։ Վերջերս նույն գործով տուգանվել են ևս 4 Կարծախի բնակիչ։ «18 հազար լարի տուգանք վճարեցի, գյուղացիներն են օգնել, որ գումարը հայթհայթվել է, սակայն այդ փողն էլ մարդկանց վերադարձնել է պետք, թե որտեղից եմ գտնելու չգիտեմ»,- մեզ հետ զրույցում ասաց վերջերս տուգանքը վճարած Կարծախի բնակիչը։

Ոստիկանության մամլո ծառայությունից խոստացան, որ կպարզեն կարծախցիների պահով ինչ գործ է հարուցված։ Մենք սպասում ենք պատասխանի։

«Ճանապարհը չենք բացելու մինչև տղաները չվերադառնան տուն, էդ լիճը մերն է եղել, հիմա մեզ արգելում են մեր աճեցրած ձուկն ու խեցգետինը որսալու։ Ինչո՞ւ նույն լճից Թուրքիայի կողմից կարելի է ձուկ բռնել, մեր կողմից ոչ։ Ի՞նչ հանցագործություն է արել տղաս, որ 50 000 լարի տուգանք վճարի, մեր աճեցրած խեցգետինն է որսացել»,- ասում է ձերբակալվածներից մեկի մայրը, ով ցույց տվեց մեզ, թե ինչպիսի ծանր պայմաններում է ապրում 13 հոգուց բաղկացած ընտանիքը։

Գյուղացիները պնդում են, որ ճանապարհը կբացեն, միայն Արմանին և Հարությունին ազատ արձակելուց հետո։