«Ամուսնությունը քո իրավունքն է» և «Կինը և սեփականությունը» խորագրով ակցիա Նինոծմինդա քաղաքում

«Ամուսնությունը  քո իրավունքն է» և  «Կինը և սեփականությունը» խորագրով ակցիա Նինոծմինդա քաղաքում

“PITA” երիտասարդական կենտրոնի ակտիվիստները իրականացրին ակցիա «Ամուսնությունը քո իրավունքն է» և «Կինը և սեփականությունը» խորագրով:

Ակտիվիստները ակցիայի շրջանակներում Նինոծմինդա քաղաքի կենտրոնում կին և տղամարդ անցորդներին բաժանում էին թռուցիկներ, որոնցում առկա էր տեղեկատվություն կնոջ իրավունքների մասին ժառանգության, ամուսնության և սեփականության հարցերի շուրջ: Թռուցիկները պատրաստել էր “Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն՛՛ կազմակերպությունը:

“PITA” երիտասարդական կենտրոնի ծրագրերի համակարգող Իրինա Ղարսլյանի խոսքով, անցորդ կանանցից շատերը հրաժարվում էին վերցնել թռուցիկները՝ նշելով որ դրանք անհետաքրքիր են և ոչ անհրաժեշտ: Իսկ տղամարդկանցից շատերը, կարդալով թռուցիկները, կատակում էին՝ ասելով, որ տղամարդիկ այլևս ոչինչ չունեն, ամեն ինչ կանանց տիրապետության տակ է գտնվում:

Իսկ թռուցիկներում մասնավորապես նշված էր, որ աղջիկներն իրավունք ունեն ինքնուրույն որոշում կայացնել ամուսնության հարցում և բռնի կերպով չամուսնանալ, ամուսնությունը թույլատրվում է 18 տարեկանից, որ ընտանեկան բռնությունը հանցագործություն է և քրեորեն պատժելի:
Ակցիայի անցկացումից հետո ակտիվիստները այցելեցին NOR ռադիո և ուղիղ եթերի իրավունք խնդրեցին ու պատմեցին իրենց ակցիայի նպատակների մասին:

Անահիտ Զալալյան