Նինոծմինդայում շատացել են սննդային թունավորման և ալերգիայի դեպքերը

Նինոծմինդայում շատացել են սննդային թունավորման և ալերգիայի դեպքերը

Նինոծմինդայի մունիցիպալիտետում հաճախակիացել են թունավորման և ալերգիայի դեպքերը:

Եթե նախկինում սննդային թունավորումները կապված էին փչացած սննդի, այժմ պատճառները տարբեր են: Ռիսկային խմբում են գտնվում երեխաներն ու մեծահասակները, ովքեր երկար ժամանակ են անցկացնում արևի տակ:

Հիվանդությունների առաջացման պատճառները՝

Մինչև այժմ Նինոծմինդայում դեռևս չի լուծված շուկայի խնդիրը: Մարդիկ շատ հաճախ միրգ-բանջարեղեն են գնում միրգ-բանջարեղեն վաճառող շրջիկ մեքենաներից, այն դեպքում երբ մեքենայի մեջ ջերմաստիճանը հասնում է մինչև 50 աստիճանի, որի պայմաններում դրանք փչանում են:

Բժիշկ Երվանդ Սավոյանը կոչ է անում մունիցիպալիտետի ղեկավարությանը ուշադրություն դարձնել այս խնդրին և միրգ-բանջարեղենի վաճառքի համար համապատասխան հիգիենիկ պայմաններով շուկա կառուցել:

Բացի նշվածից թունավորման պատճառ է հանդիսանում մրգերի և բանջարեղենների մեջ պարունակվող քիմիկատների մեծ քանակությունը: Բժիշկ Սավոյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ շատ հաճախ դժվար է որոշել, թե ինչ տեսակի թունավորում է առկա հիվանդի մոտ:

Թունավորման և ալերգիաների առաջացման մյուս պատճառներից մեկն էլ խմելու ջրի վատ որակն է: Բնակիչները նշում են, որ եթե ջուրը աղտոտվում է ձնհալի ժամանակահատվածում, ապա այժմ ջուրը գրեթե միշտ աղտոտված է: Բժիշկ Երվանդ Սավոյանն էլ նշեց, որ ջրին միայն քլոր խառնելով հարցը լուծում չի ստանա: Ըստ նրա, քլորը կարող է սպանել մանրէները, սակայն այն չի մաքրում ջուրը տարբեր քիմիկատներից, որոնք անձրևների ժամանակ դաշտերից և առուներից հայտնվում են ջրում:

Թունավորման պատճառ կարող է դառնալ նաև արևի ուղղակի ճառագայթները, որոնց ներքո խորհուրդ չի տրվում երկար ժամանակ անցկացնել:

Խորհուրդներ բժիշկ Երվանդ Սավոյանից.

Առաջին հերթին անհրաժեշտ է խմել եռացրած կամ ֆիլտրացված ջուր: Հատկապես այն մարդիկ, ովքեր մեր երկիր են ժամանում արտերկրից, խորհուրդ չի տրվում խմել ծորակի ջուր: Գնելով միրգ-բանջարեղեն՝ մարդիկ պետք է ուշադիր լինեն, որ փչացած միրգ և բանջարեղեն չգնեն: Իսկ ուտելուց առաջ այն պետք է առատ և հոսող ջրով լվանալ:


Անահիտ Զալալյան