Նինոծմինդայի մունիցիպալիտետում հաճախակիացել են ջրծաղիկով հիվանդացության դեպքերը մասնավորապես մանկահասակ երեխաների շրջանում:
Հիվանդացության դեպքերն սկսվել են մոտ երկու ամիս առաջ, իսկ վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն սրացում է նկատվում: Վրաստանում ջրծաղիկի դեմ պատվաստումը չի մտնում 12 հիմնական պատվաստումների օրացույցի մեջ, քանի որ հիվանդությունը Վրաստանում ուղեկցվում է առանց բարդությունների:
Նինոծմինդայի հանրային առողջապահական կենտրոնը իրականացրել է ստուգումներ քաղաքի ուսումնական հաստատություններում և մանկապարտեզում, իսկ գյուղական բժիշկները իրենց գյուղերի մանկապարտեզներում և դպրոցներում: Ստուգումների արդյունքում պարզ է դարձել ջրծաղիկով հիվանդացության 60 դեպք:
Ինչպես տեղեկացանք բժիշկ-վարակաբան Լիդա Սավոյանից, հիվանդները բուժում են ստանում տանը:
Ջրծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, բնութագրվում է տենդով եւ մաշկի ու լորձաթաղանթների վրա փոքր, թափանցիկ պարունակությամբ բշտիկների առաջացումով:
Հիվանդության աղբյուրը ջրծաղիկով վարակված մարդն է: Նա վարակիչ է` սկսած հիվանդության թաքնված շրջանի վերջին 2 օրվանից, մինչեւ վերջին ցանային էլեմենտի ի հայտ գալու 5-րդ օրը: Ցանի կեղևակալման շրջանում հիվանդն այլեւս վարակիչ չէ:
Մանրամասները լսեք նյութում.