Գորելովկա գյուղի բնակիչներից Ադանա Բաբաջանյանը բողոքում է, որ կանչ են գրանցել 112 համարին և Շտապ օգնության աշխատակիցները չեն ժամանել իրենց տուն:
Ադանա Բաբաջանյանը նշում է, որ դեկտեմբերի 9-ին զանգահարել են Շտապ օգնության ծառայությանը և հայտնել, որ իր հայրը առողջական վատ վիճակում է, ունի շատ ցածր զարկերակային ճնշում: Նա նշում է, որ առաջին անգամ զանգահարել է ժամը 17:45-ին, հայտնել խնդրի մասին և ստացել պատասխան, որ սպասեն: Բաբաջանյանի խոսքով, անցել է մեկ ժամ ժամանակ, որի ընթացքում տանեցիներին հաջողվել է կարգավորել հիվանդի ճնշումը: Այնուհետև նրանք կրկին զանգահարել են 112 համարին և հարցրել, թե որտեղ է մեքենան և ստացել են պատասխան, որ ազատ մեքենա այս պահին չկա: Բաբաջանյանը նշում է, որ 18:50 րոպեին չեղարկել են կանչը և բողոքով դիմել Վրաստանի Առողջապահության նախարարությանը:
Պարզելու համար, թե ինչու Շտապ Օգնության մեքենան չի մեկնել կանչի հետևից, մենք դիմեցինք վերջինիս մամուլի բաժին և ստացանք պատասխան, որ մեր հարցերը գրավոր ուղղենք Առողջապահության նախարարությանը:
Մենք հարցերն արդեն ուղարկել ենք նախարարությանը և մանրամասների մասին կգրենք պատասխանն ստանալուց հետո:
Մինչ այդ կարող ենք փաստել, որ Շտապ Օգնության ծառայությունն իր տրամադրության տակ ունի 2 մեքենա և դրանցով դժվար է մեկնել բոլոր ստացված կանչերի հետևից ճիշտ ժամանակին: