Վրաստանում H1N1 վիրուսից (խոզի գրիպ) լաբորատոր հաստատված է մահվան տասը դեպք: Այս մասին հայտնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից: Սակայն, ինչպես գրում է Rustavi2 հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, մահացածների թիվը հունվարի 8-ի 21:00-ի դրությամբ 13 է:
Դեռ երեկ առավոտից մայրաքաղաքի բուժկետները սկսել են աշխատել արտակարգ ռեժիմով: Ընտանեկան բժիշկները Թբիլիսիի 5 շրջաններում ապահովում են 24-ժամյա ծառայություն:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ անհրաժեշտ դեղորայքի դեֆիցիտը բացառվում է. երկրում բավականաչափ դեղորայք կա:
Շտապօգնության ծառայությունից քաղաքացիներին զգուշացնում են՝ վիրուսի նախանշանների առկայության դեպքում զանգահարել 112 կամ այցելել մոտակա բժշկական հաստատություն: