2019 թվականի հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կարմրուկի 312 դեպք, որից 3-ը մահվան ելքով: Հիվանդների 56%-ը 20-40 տարեկան են, իսկ 8%-ը՝ մինչև 1 տարեկան երեխաներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ վկայակոչելով Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալները:
Կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակը շարունակվում է նաև եվրոպական երկրներում:
Առողջապահության_նախարարությունը հիշեցնում է` կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:
Հաշվի առնելով եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև հարևան երկրներում կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է մինչև 30 տարեկան բոլոր այն անձանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել: