Նկարիչ-ոսկերիչ Հազկերտ Կիրակոսյանը

Նկարիչ-ոսկերիչ Հազկերտ  Կիրակոսյանը

Հազկերտ Վելիխանի Կիրակոսյան ծնվել է 1949 թ. Բոգդանովկայի շրջանի Դիլիֆ գյուղում:

Սկզբնական կրթությունը ստացել է Դիլիֆ գյուղի 8-ամյա դպրոցում: Միջնակարգ կրթություն ստացել է հարեւան Գոնդուրայի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 1966 թ-ին նա ընդունվել է Երեւանի Մարտիրոս Սարյանի անվան արվեստի քոլեջը: Նկարելու հետ մեկտեղ նա նաեւ ուսումնասիրել է ոսկերչություն: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի Կրուպսկայայի անվան ժողովրդական արվեստի ինստիտուտը:

1973 թ. Հազկերտ Կիրակոսյանը տեխնիկական կրթություն ստանալուց հետո վերադարձել է հայրենի գյուղ եւ սկսել է աշխատել որպես նկարիչ եւ նկարչության ուսուցիչ: Վարպետը միաժամանակ աշխատել է դպրոցում եւ զբաղվել է ոսկերչական գործով:

Դպրոցում 17 տարի աշխատելուց հետո նա ստիպված էր հեռանալ իր աշխատանքից, քանի որ ոչ մի ոսկերչական պատվեր չուներ ու ստիպված սկսեց մեկնել արտագնա աշխատանքի ընտանիքը պահելու համար: Հազկերտը ունի հինգ երեխա` չորս աղջիկ եւ մեկ տղա:

Հազկերտը սկսեց նկարել 40 տարվա ընդմիջումից հետո: Նա նկարում է տարբեր ժանրի նկարներ՝ ստեղծագործելով գեղանկարչության բոլոր ժանրերով `բնանկար, դիմանկար, նատյուրմորտ , կենցաղանկար եւ այլն : «Ես սիրում եմ նկարել եւ իմ աշխատանքներից յուրաքանչյուրը վայելում եմ, կարծես իմ հոգին հանգստանում է նրանց մեջ եւ, ամենակարեւորը, որ չեմ հոգնում իմ աշխատանքից: Ես ափսոսում եմ այն ​​տարիների համար, որ չեմ նկարել: Յուրաքանչյուր նկարչի տաղանդը Աստծո պարգեւ է, բոլոր մասնագիտությունները կարելի է սովորել, բացառությամբ արվեստի », – ասում է Հազկերտ Կիրակոսյանը: Նկարիչը ուզում է բացել իր նկարներից բաղկացած ցուցահանդես:

Մանրամասները մեր տեսանյութում:

figure>