Վրաստանում վթարի ենթարկված ՀՀ քաղաքացիներից 14-ամյա տղա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
«Տուժաներից մեկի վիճակը կայուն է, որևէ բժշկական միջամտություն չի պահանջվել։ Մնացած երկու տուժածներից մեկի՝ 14–ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Գլխուղեղի ծանր վնասվածք ունի։ Արհեստական շնչառություն ենք տվել»,- լրագրողներին ասել է բժիշկ Դավիթ Ղազաիշվիլին:
Թբիլիսիի Լեսելիձե մագիստրալի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով երեք մարդ է զոհվել՝ մի կին և երկու երեխա: Վթարից տուժել է 5 մարդ։ Նրանց տեղափոխել են Գորիի և Թբիլիսիի հիվանդանոցներ։ Այս պահին Գորիի տարածքային հիվանդանոցում երեք վիրավոր կա, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում։ Մահացածները և տուժածները ՀՀ քաղաքացիներ են։ ՆԳ նախարարության տեղեկատվության համաձայն, հայկական համարանիշերով մեքենան ճանապարհից շեղվել է, շրջվել է, և մեքենան հրդեհվել է։
Անցկացվում է հետաքննություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում վթարից տուժածները երկու հայ ընտանիքի անդամներ են: Ընտանիքներից մեկը Արագածոտնի մարզի Օշական գյուղից է, մյուսը՝ Երեւանից: