Պաշտպանության նախկին նախարարին սպառնում է 6-9 տարվա ազատազրկում

Պաշտպանության նախկին նախարարին սպառնում է 6-9 տարվա ազատազրկում

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին սպառնում է 6-9 տարվա ազատազրկում։ Մնացած ձերբակալվածներին՝ 4-6 տարի:

Հունիսի 20-21-ին Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի առաջ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում անկարգությունների հետ կապված՝ ոստիկանությունը ձերբակալել է ևս 5 մարդու, այդ թվում Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին: Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության տնօրենի պաշտոնակատար Լևան Ճելիձեն:

Հիշեցնենք՝ հակառուսական տրամադրություններով ակցիան հունիսի 20-ին վերաճել էր անկարգությունների, ցուցարարները փորձել էին ներխուժել Խորհրդարան: Ոստիկանների հետ բախումներ էին եղել, ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ էր գործածել։ Այդ գիշեր տուժել էր 240 մարդ, այդ թվում՝ 80 ոստիկան:

Ըստ քննության՝ ձերբակալվածներից 4-ը խմբակային բռնության մասնակիցներ են, նրանք հարձակվել են ոստիկանների վրա ու փորձել գրոհել Խորհրդարանը: ՆԳՆ-ն չի նշում ձերբակալվածների անուն-ազգանուններն՝ ամբողջությամբ: 1996թ.-ին ծնված Գ.Ջ.-ն՝ ըստ քննության՝ հարվածել է ոստիկաններին, այդ թվում նրանցից խլած վահաններով, 1990-ին ծնված Տ.Դ.-ն հարձակվել է ոստիկանների վրա ու նրանցից մեկին բռնի ուժով քարշ տվել ամբոխի մեջ, 1972-ին ծնված Ի.Մ.-ն ակտիվ մասնակցել է խմբակային բռնություններին, իսկ 1975-ին ծնված Բ.Լ.-ն աչքի է ընկել ոստիկանական ուժերի նկատմամբ հատուկ ագրեսիվությամբ, վիրավորել է նրանց, հարվածներ հասցրել, փորձել ճեղքելոստիկանական պատը:

Ինչ վերաբերում է Օքրուաշվիլիին, նա մեղադրվում է ակցիայի ընթացքում անկարգություններ կազմակերպելու, ղեկավարելու և մասնացելու մեջ: Մեղքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է մինչև ինը տարվա ազատազրկում: Այս պահին խմբակային անկարգությունների մասնակցության մեղադրանքով 15 ձերբակալված կա, նրանցից ինը անազատության մեջ է՝ մինչ դատական գործընթացի ավարտը:aliq.ge