«Կանչեցին դեկանատ, մի պահ վախեցա, հետո հայտնեցին, որ լավագույն ուսանող եմ ճանաչվել, մեծ անակնկալ ։ր
Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի շրջանավարտ Սամվել Վարդանյանը ճանաչվել է ֆակուլտետի ամենաբարձր թվանշաններ ունեցող ուսանող , համալսարանի ավարտական արարողության օրը պարգեւատրվել համալսարանի ռեկտորի կողմից:
Սամվել Վարդանյանը Նինոծմինդայից է, սերը բժշկության հանդեպ առաջացել է մանկուց, մայրը բուժաշխատող է, սակայն ինքը բժշկական ֆակուլտետ որոշել էր ընդունվել էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված ՝ վրաց լեզվի ուսուցման նախապատրաստական կուրսում:
«Բժշկականը շատ էի սիրում, բայց տատանվում էի, մտածում էի իրավաբանական ընդունվել: Այս պահին գոհ եմ, որ ընտրել եմ բժշկականը: Արդեն 7 տարի, նախապատրաստական կուրսը ներառյալ, սովորել եմ, շարունակելու եմ ռեզիդենտուրայում, եթե ընտրեմ վիրաբուժությունը, կսովորեմ եւս 4 տարի», – ասում է Վարդանյանը:
Ամփոփելով սովորած տարիները, Սամվելը պատմում է ամենատպավորված օրերից մեկի մասին, երբ համալսարանի դեկանատից կանչել էին հայտնելու, որ ամենաբարձր ГПА ունեցող ուսանողն ինքն է: Ասում է, սկզբում չէին ասել թեման, որի շուրջ զրուցելու էին, ինչը եւ անհանգստացրել էր նրան:
Պարգեւատրման օրը, երբ հնչեց Սամվել Վարդանյանի անունը, ներկա գտնվող 3000-ից ավելի հյուրերը ծափահարություններով ողջունեցին նրան, իսկ պարգեւը, պատվոգիրն ու նվերը ստանալուց հետո, Սամվելի հետ միասին Հիպոկրատի երդումը կարդացին բժշկական ֆակուլտետի բոլոր շրջանավարտները:
Սամվելն ասում է, առջեւում դեռ շատ հաղթանակներ կան, այդպիսի հաղթանակ էր 2-րդ կուրսից ի վեր կրթաթոշակ ստանալը, աշխատելը որպես բժշկի օգնական օնկոլոգիական բաժնում, համալսարանն ավարտելուց հետո, աշխատելը որպես կրտսեր բժիշկ: Առջեւում է դեռ ուսման շարունակությունը, վերադարձը Ջավախք ու գործունեության շարունակությունը: aliq.ge