Սեպտեմբերի 26-ին Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում կայացավ Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառում:
Դասական երաժշտության համերգը կայացավ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և անհատ բարերարների աջակցությամբ:
Կոնստանտինե Վարդելիի անվան լարային քառյակի կատարմամբ սկսված համերգի ընթացքում ելույթ ունեցան նաև կլարնետահար Դիմիտրի Բոքոլիշվիլին և Վիրահայոց թեմի «Մակար Եկմալյան» երգչախումբը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, ինչպես նաև Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ:
Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական միջոցառումների օրացույցում: