«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնում են, որ Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս է գրվել հիվանդանոցից:
«Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: «Նման «happy end» ես տեսել էի միայն հեքիաթներում ու ֆիլմերում: Այս օրերի ընթացքում այնքան ջերմություն ենք ստացել, որ համապատասխան բառով չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա: Այս հիվանդանոցը իմ տունն է, աշխատակիցները՝ ընտանիքիս անդամները, շնորհակալ եմ յուրաքանչյուրին: Նրանք թույլ տվեցին, որ շարունակեմ ժպտալ, ապրել ու ուրախանալ այս պատմության «happy end»-ով»,- ասել է Արվինի մայրը՝ Մարզիա Վիքսոմը:
Երեխան դեռ որոշ ժամանակ կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 5-ին` ժամը 10:32-ին, Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Փոքրիկն անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Տղայի մոտ առկա է եղել զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Նրան միացված է եղել արհեստական շնչառության սարք:
Սեպտեմբերի 9-ին տղան գիտակցության էր եկել և ճանաչել ծնողներին: