Վրաստանում կբարձրանան ավագ ուսուցիչների աշխատավարձերը, հայոց լեզվի ուսուցիչները ցանկում չկան

Վրաստանում կբարձրանան ավագ ուսուցիչների աշխատավարձերը, հայոց լեզվի ուսուցիչները ցանկում չկան

Վրաստանում հոկտեմբերի 1-ից կբարձրանան ավագ ուսուցիչների աշխատավարձերը, մինչդեռ այդ ցանկում հայոց լեզվի ուսուցիչները չկան. Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը:

Ըստ նրա, պատճառն այն է, որ միայն հայերեն լեզվի ուսուցիչների համար Վրաստանում գոյություն չունեն որակավորման քննություններ, որոնք հանձնելու միջոցով ուսուցիչը արժանանում է ավագի կոչմանը։

«Վրաստանում գոյություն  ունի ավագ ուսուցիչ հասկացությունը. այն ուսուցիչները, որոնք հանձնում են որակավորման քննություններ իրենց առարկայից, ստանում են ավագ ուսուցչի կարգավիճակ: Նրանց աշխատավարձն անհամեմատ բարձր է մնացած ուսուցիչներից և նրանք հնարավորություն են ստանում շարունակել իրենց գործունեությունն անխափան: Իսկ ովքեր որ չեն կարողանում հանձնել քննությունները, նրանց մի քանի տարի ժամանակ է տրվում: Վերջին ժամկետը այս տարվա դեկտեմբերին է և ովքեր չեն հանձնում, նրանց շատ հեշտ կարող են փոխարինել ուսուցիչներ, ովքեր որ ունեն որակավորում: Բայց այս համակարգից դուրս է  մնացել հայոց լեզուն: Հայոց լեզվի համար գոյություն չունի որակավորման քննություն: Ես չգիտեմ ադրբեջաներենի վիճակը ոնց է, բայց հայոց լեզվի նաև տարրական դասարանների  համար գոյություն չունի ընդհանրապես որակավորման քննություն»,-ասաց նա:

Էդուարդ Այվազյանը նշեց, որ հայ ուսուցիչներին 3 տարի ժամանակ են տվել, որ կարող են աշխատել, բայց դա, ըստ էության, ձևական է, քանի որ չկան քննություններ հայերենի համար: «Այսինքն՝ դեկտեմբերին նրանց աշխատանքից ազատելն անիմաստ է դառնում, բայց միաժամանակ նրանց աշխատավարձերն էլ չի ավելանում, քանի որ ավագ ուսուցիչ դառնալու ընթացակարգ էլ չկա»,-բացատրեց նա:

Սամցխե Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրենը համոզված չէ, որ այս փաստը խտրական վերաբերմունքի արդյունք է: «Հարցը գուցե ոչ թե խտրական վերաբերմունք է, այլ շատ հնարավոր է, որ Վրաստանում գոյություն չունեն հայերենի բարձր իմացության մասնագետներ, որոնք կանցկացնեն որակավորման քննություններ հայոց լեզվի ուսուցիչների համար»,-ասաց նա:

Ըստ նրա, այս հարցով պետք է զբաղվի Վրաստանում ՀՀ դեսպանատունը, Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը, սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը և Հայաստանի ԱԳՆ-ն. պետք է բանակցեն իրենց վրաց գործընկների հետ, որպեսզի մասնագետներով աջակցեն:

Այվազյանը նշեց, որ Հայոց լեզվի ուսուցիչներին խրախուսելը պատվի, հայրենասիրության ու հայեցի դաստիրակություն ունենալու հարց է և սրանով կարող են և պետք է զբաղվեն նաև բարերարներն ու հիմնադրամները։

«Օրինակ՝ ադրբեջանական SOCAR ընկերությունը ադրբեջաներենի ուսուցիչների համար Վրաստանում ստեղծել է լրացուցիչ ֆինանսական աղբյուր և ոչ միայն ուսուցիչները, այլ նաև ուսանողները ադրբեջաներեն ուսանելու համար գումար են ստանում SOCAR-ից։ Ժամանակն է դատարկ ու պոպուլիստական հայրենասիրությունից անցնել կոնկրետ գործերի»,-ասաց նա։