Փոքր Գոնդուրայում վերաբացվեց Սուրբ Ղևոնդյանց եկեղեցին

Փոքր Գոնդուրայում վերաբացվեց Սուրբ Ղևոնդյանց եկեղեցին

Սեպտեմբերի 29-ին, Նինոծմինդայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում վերանորոգումից հետո հավատացյալների համար վերաբացվեց Սուրբ Ղևոնդյանց եկեղեցին:
Փոքր Գոնդուրայում գտնվող եկեղեցին, որը գործել է սկսած 1868 թվականից, փակվել էր 2 տարի առաջ՝ վերանորոգման աշխատանքների պատճառով:

Սուրբ Ղևոնդյանց եկեղեցու զանգը երկար լռությունից հետո կրկին հնչեց: Եկեղեցին բավականին ժամանակ գտնվում էր խղճուկ վիճակում, Տաճատ Վարդապետյանի և նրա ընտանիքի աջակցությամբ եկեեցին հիմնովին վերանորոգվեց:

Օծման արարողությունը վարում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչական բաժնի վարիչ, Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հոգևոր առաջնորդ Տեր Մագակիա Ամիրյանը և քահանա Տեր Արմաշ Պողոսյանը:

Օծման արարողությունը սկսվեց խաչի օծմամբ, որին հաջորդեց զանգի տեղադրումը, դռների բացումը և եկեղեցու օրհնությունը ,սաղմոսների և շարականների երգեցմամբ, այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդը կատարեց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը, որին հաջորդեց առաջին պատարագը:

Սամցխե-Ջավախքի հոգևոր առաջնորդ Տեր Մագակիա Ամիրյանը շնորհավորեց ներկաներին, խոսեց հոգևոր և ազգային նշանակության կարևորության մասին, շնորհակալություն հայտնեց գյուղացիներին, շրջանի ղեկավարությանը և ուղղակիորեն բարերար Տաճատ Վարդապետյանին եկեղեցու կառուցումը կազմակերպելու համար:

Տոնական օրը Փ.Գոնդուրա գյուղում ավարտվեց համերգով, որին մասնակցում էին գյուղի պարային համույթը և Հայաստանի ժողովրդական արտիստները: