Նորաբաց ,,Ametist,, հյուրանոցը Ժդանովականում

Նորաբաց ,,Ametist,, հյուրանոցը Ժդանովականում

Նոյեմբերի 2 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղում տեղի ունեցավ ,,Ametist,,  հյուրանոցի բացման հանդիսավոր միջոցառումը։

Կարմիր ժապավենը կտրելուց հետո տեղի ունեցավ հյուրանոցի օրհնության արարողությունը՝ Տեր Անտոն քահանա Անտոնյանի ձեռամբ, որից հետո ներկաները ծանոթացան հյուրանոցի պայմաններին։

«ՓԱՐՈՍ» ՀԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող «Ձեռներեցություն» ծրագրի նպատակն է աջակցել Սամցխե-Ջավախեթիի գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը` սկսնակ գործարարաներին, փոքր և միջին ձեռնարկատերերին կրթության, ֆինանսական աջակցության և խորհրդատվությունների տրամադրման միջոցով:

Հիմնադրամը Ջավախքում գործում է 2009 թվականից մինչ օրս և 25-ից ավել առաջատար ընտանեկան բիզնեսներ է հիմնել Ջավախքում: Նոյեմբերի 2-ին ևս մեկ կարևոր բիզնես հիմնվեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ժդանովական գյուղում: Ռուզաննա Թումասյանը 2019 թվականին մասնակցելով «Ձեռներեցություն» ծրագրին հնարավորություն ունեցավ Ժդանովականում հիմնելու հյուրանոց ՝«Ամետիստ» անվամբ: Հյուրանոցը ունի բոլոր հարմարությունները:Այն տարածաշրջանում խթանիչ հանգամանք հանդիսանալով, համայնքին հնարավորություն կընձեռնի զարգացնելու շրջանում տուրիստական առաջընթացը՝ ապահովելով զբոսաշրջիկների համար՝ տվյալ հատվածում գիշերելու, համտեսելու տեղական հյուրասիրությունը, ըմբոշխնելու տեղի ալպիական բնաշխարհի կենարար օդը և զբոսաշրջիկներին ծանոթացնելու չբացահայտված Ջավախքի բարձրալեռ բնաշխարհի տեսարժան վայրերին:Բացմանը հրավիրված էին մունիցիպալիտետի աշխատակազմի ներկայացուցիչներ, գյուղական համայնքներից, ինչպես նաև Ժդանովական գյուղի հասարակությունը: Ծրագիրը Ջավախքում գործում է մշտապես, մասնակցության համար ցանկացողները կարող են դիմել Ճավճավաձե 21 հասցեում գտնվող TRDP-ի գրասենյակ՝ միասին կառուցելու ձեր երազանքը:

Ինչ վերաբերվում է հյուրանոցի անվանը՝ Ամետիստ (թանկարժեք քար) – Ամետիստը կվարցի տեսակներից մեկն է:  Ամետիստ հունարենից թարգմանաբար նշանակում է «չարբեցած» կամ «չարբեցնող», այդ իսկ պատճառով այն հանդիսանում է ալկոհոլիզմով երբևէ տառապած մարդկանց պահապանը:  Ամետիստը նաև ունի մարդուն հանգստություն պարգևող էներգիա: Քարը սովորաբար  ունի կապույտ, կապտավարդագույն, կարմրամանուշակագույն երանգներ և ձևավորվում է բյուրեղային ապարների միավորման արդյունքում: