Վրաստանի առողջապահության նախարարությանն առընթեր բժշկական գործունեության կարգավորման պետական գործակալությունը աուդիտ է անցկացրել Վրաստանի 500 հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, որոնցից ավելի քան 100-ը տուգանվել է, իսկ վեց բժիշկ զրկվել է արտոնագրից: Այդ մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստատեսությունը:
Բուժհաստատություններում ստուգումները տեղի են ունեցել ավելի քան չորս ամիս:
«Բացահայտվել են տարբեր տեսակի խախտումներ: Դրանք առնչվել են ենթակառուցվածքների, ներքին կառավարման որակի, ախտահանման գործընթացին: Որոշ բժիշկների պատասխանատվության հարց է առաջացել»,- ասում է գործակալության ղեկավար Զաալ Կապանաձեն:
Գործակալության մասնագիտական զարգացման խորհուրդը յուրաքանչյուր դեպք առանձին-առանձին վերանայել է: Արտոնագրերից զրկել են այն բժիշկներին, որոնց հիվանդները մահացել են անորակ բժշկական օգնության պատճառով:
Բժշկական գործունեության կարգավորման պետական գործակալությունն այն մարմինն է, որը վերահսկում է բժշկական ծառայությունների որակը: Այն վերահսկում է կլինիկական կենտրոններում պետական բժշկական ծրագրերի իրականացումը:
Հենց այս գործակալությունն է, որ տալիս է լիցենզիաներ բժշկական հաստատություններին, ապահովում է բժիշկների շրջանում հավաստագրման ստուգումներ և տալիս է հավաստագրեր: