Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են երկկողմանի կպչուն ժապավեն, որը կկարողանա վիրահատությունից հետո միացնել կտրված հյուսվածքները: Հատկանշականն այն է, որ այս ժապավենը մասնագետները մշակել են` ուսումնասիրելով սարդերի հատուկ կպչուն նյութը: Հենց այդ նյութի միջոցով են սարդերը բռնում զոհին: Նյութը յուրահատուկ հատկություն ունի, այն վայրկյանների ընթացքում կլանում է ջուրը, հեղուկը: Ժապավենը փորձարկվել է մարդու լյարդի, աղիների, մաշկի, ստամոքսի հյուսվածքների վրա:
Վիրահատություններից հետո կտրված հյուսվածքները հիմնականում միացվում են կարերի միջոցով, ինչը երբեմն բարդությունների է հանգեցնում, մասնավորապես` ինֆեկցիաների ներթափանցման: Կան նաև սոսնձող հատուկ նյութեր, որոնք սկսում են գործել մի քանի րոպե հետո, բայց վտանգ կա, որ դրանք կարող են ներթափանցել նաև այլ օրգաններ և վնասակար ազդեցություն ունենալ:
Սարդերի արտադրած կպչուն նյութը, որը պարունակում է ածխաջրի ծանր տեսակներ, վայրկյանների ընթացքում զոհի մարմնի մակերեսից կլանում է հեղուկը, որից հետո մարմինը կպնում է սարդոստայնին: Նույն սկզբունքով է գործելու նաև կպչուն ժապավեnը, որn իր բաղադրությամբ նման կլինի սարդի արտադրած կպչուն նյութի բաղադրությանը: Ժապավենի միջոցով կտրված հյուսվածքները հնարավոր կլինի շատ արագ միացնել: