Այցելություն 1988-ի երկրաշարժից տուժած Վարդ Սոխոյանին

Այցելություն 1988-ի երկրաշարժից տուժած Վարդ Սոխոյանին

Դեկտեմբերի 6 -ին Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի XI-րդ դասարանի քաղաքացիական կրթության ակումբի անդամ-աշակերտները տնօրեն` Լալազար Արոյանի գլխավորությամբ այցելեցին 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից տուժած Վարդ Սոխոյանին:

Աշակերտները  Սոխոյանին այցելեցին հուշանվերով, ինչպես նաեւ ընթացքում առաջարկեցին իրենց օգնությունը` մաքրեցին աստիճանները, կոտրեցին փայտը եւ լիցքավորեցին վառարանը:

Լալազար Արոյանի խոսքով, Վարդ Սոխոյանը նաեւ ստեղծագործում է, նրա ստեղծագործությունները տեղ են գտել Հայաստանի Գրողների միության կողմից հրատարակված երկու ալմանախների մեջ: Սոխոյանը ապրում է մոր` Ասյայի հետ միասին: Ուժեղ կամքի տեր մարդը նույնիսկ օգնում է իր մեծահասակ մայրիկին:  ՛՛Մարդու արժեքը իր վաստակի մեջ է: Վարդ Սոխոյանը Հեշտիայի այն արժեքն է, որով հպարտանում ենք, ում մեջ տեսնում ենք  ինքներս մեզ։ Երկրաշարժի տարիներին նա սովորում էր Լենինականի Պոլիտեխնիկ ինստիտուտի II-րդ կուրսում, երբ չարաբաստիկ երկրաշարժը տեղի ունեցավ: Ընկերանալ անվասայլակին և մնալ միշտ առույգ, ստեղծագործել և փիլիսոփայել, մնալ բարի ու հարազատ մարդ, ահա այսպիսին է մեր Վարդը»,-նշեց Արոյանը:

 

 

Լուսանկարները տրամադրել են քաղաքացիական կրթության ակումբի անդամները

Սպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևմտյան մասում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ (ըստ MSK-64 12 բալանոց սանդղակի)։ Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։ Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն ու 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայրեր։ Զոհվել է  25 հազարից ավելի մարդ, փլատակներից հանվել է կենդանի  45000 մարդ, հոսպիտալացվել է  12500 մարդ: Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։

Լուսանկարը վերցված է ինտրենետային կայքից